Ադրբեջանը կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին, Ռուսաստանին ու Հայաստանին
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, պատգամավոր Յաղուբ Մահմուդովը մտադիր է վերաշարադրել Ադրբեջանի պատմությունը: Այս մասին նա ասել է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գորակալությանը տված հարցազրույցում:
Մահմուդովի խոսքերով՝ Ադրբեջանի պատմությունը խեղաթյուրվել է Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերից հետո: Պատգամավորը գտնում է, որ հենց դրա հետևանքով է, որ հայերը ներկայացվում են որպես Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդ: Նա նշում է, որ իբր իրենց նոր գրքում իրենք ապացուցում են, որ հայկական պետությունը Հարավային Կովկասում հիմվել է միայն 1918 թվականին, ավելացնելով, թե իբրև հայերն ապրել են Բալկանյան թերակղզում և «1928-ին նոր միայն գաղթել են Հյուսիսային Ադրբեջան»:
Ինչպես նշվում է հարցազրույցում, պատմաբանի խոսքերով՝ Նախիջևանը, Արցախը և Երևանը նույնպես «պատմական ադրբեջանական հողեր են»:
Հարցազրույցում Յաղուբ Մահմուդովն անդրադարձել է նաև Դաղստանի պատմությանը:
«Իմ՝ «Իլիսուի սուլթանություն» գիրքը գրելիս ես նոր հետաքրքիր փաստեր եմ բացահայտել: Պարզվում է, որ Հյուսիսային Ադրբեջանը Ռուսաստանին միացնելու արդյունքում «Իլիսուի սուլթանության» գրեթե կեսն անցել է Դաղստանի շրջանին: Անջատելով 11 գյուղ Ադրբեջանից և միացնելով դրանք Դաղստանին` վերջինիս բաժին է հասել այդ թվում Ջար-Բելոքան շրջանի մեծ մասը: Այդ պատճառով ոչ ոք չի կարող ժխտել, որ Դերբենտը ադրբեջանական քաղաք է, քանի որ Դաղստանը կազմավորվել է ադրբեջանական հողերի վրա: Ինչպե՞ս կարելի է սա մոռանալ: Բացառված չէ, որ ոմանք կվիրավորվեն, բայց, միևնույն է, մենք վերաշարադրելու ենք Ադրբեջանի խորհրդային ժամանակաշրջանի պատմությունը»,- վստահեցնում է պատմաբանը:
Պատմաբանը չի շրջանցել նաև Դավիթ Գարեջի վրացական վանական համալիրի (ադրբեջանցիներն այդ վայրն անվանում են «Քեշիք Դաղըմ» ) թեման, պնդելով, որ վանական համալիրը «հին աղվանական աղոթատուն» է եղել, իսկ այն Վրաստանին պատկանելու մասին վրացիների կողմից բարձրաձայնված հարցը կեղծ քայլ է: Յաղուբ Մահմուդովի խոսքերով՝ 2007-ին նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ այդ տարածքում պետական մշակութային պահպանության գոտի է ստեղծվել, քանի որ վանական համալիրը, ըստ պատմաբանի, հիմնվել է «ադրբեջանական հողերի» վրա:
«Բայց չէ՞ որ Վրաստանը մինչև Շամախի ընկած հատվածը ներկայացնում է որպես իր տարածք: Եթե վրացիները շարունակեն ներկայացնել նման պահանջներ, ապա Ադրբեջանը ևս իր հերթին կհայտարարի, որ Թիֆլիսը մուսուլմանական էմիրություն է եղել: Արժե հարցնել վրացիներին` ուր են անհետացել Թիֆլիսի էմիրների նստավայրերը: Կամ էլ` այսօր ինչպես կարելի է տեսնել Շահ-Աբբասի` Կուր գետի վրա կառուցած մզկիթը: Այս բոլոր կոթողները հողին են հավասարեցվել, և մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- նկատել է ադրբեջանցի պատմաբանը:
Հավելենք, որ վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրը, որը տեղակայված է Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա՝ վրաց-ադրբեջանական սահմանին և զբաղեցնում է 25 կմ տարածք ՝ տարածվելով մինչ Գարեջի կիսաանապատային լանջերը, դարձել է կռվախնձոր Ադրբեջանի և Վրաստանի միջև, որոնք հուշարձանի տեղակայման պատճառով չեն կարողանում մինչ օրս որոշել երկու երկրների միջև սահմանները:
Նյութեր թեմայի շուրջ՝
Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է կայանալու
Բաքուն ու Թբիլիսին վիճում են պատմական հուշահամալիրի շուրջ
Վրաց-ադրբեջանական հակասությունը Դավիթ Գարեջիի հարցում գլխացավանք կդառնա նաև Վրաստանի հաջորդ նախագահի համար. փորձագետ