«Սեֆիլյանը թող զբաղվի պաշտպանության հարցերով». Ռազմիկ Դավոյան
«Նախ ասեմ, որ թուրքերն ինչ անում են, չեն անում, իրենց գործն է: Խոսքը թուրքական իշխանությունների մասին է, որոնք այդ բարոյականությունը ցույց չեն տվել և չեն տալիս: Որևէ քաղաքական ուժի կողմից ապրիլի քսանչորսը քաղաքական նպատակների համար օգտագործելը նույնչափ անբարոյական է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող Ռազմիկ Դավոյանը:
Խոսելով ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական հռչակագրի մասին՝ Ռազմիկ Դավոյանն ասաց. «Այս հռչակագիրը, որ ընդունվեց հարյուրամյակի շեմին, մի արտասովոր բարձր մակարդակի հռչակագիր է, որ հիմնված է երկու կետերի վրա՝ ցեղասպանության տարելիցը նշելը, և Հայաստանի հզորացումը: Կա՞ մի քաղաքական կուսակցություն, որ ասի բաներ կան, որոնց համար չէր ստորագրի հռչակագիրը, բայց ստորագրել է: Այդպիսի բան չկա և չի էլ լինի: Հռչակագիրն ինքնին մի զորավոր բան ունի իր մեջ մեր ազգի իբրև ներքին հարց, խնդիր: Բացի այն, որ ուղղված է ողջ հայությանը, այդ փաստաթուղթը, որ ստորագրեցին բոլոր ուժերը, բերում է մի բացառիկ լուծում, խնդիր, որն է՝ մենք բոլորս հրաժարվում ենք գերակայության ախտից, բոլորս մեկ մարդու նման կանգնած ենք ժողովրդի կողքին: Սրանից հետո քաղաքական նման բզբզոցները վայել չեն ոչ այդ ուժերի, ոչ մեր ժողովրդի համար: Հայ ժողովուրդն այսպիսի միասնություն դրսևորեց ղարաբաղյան շարժման ժամանակ: Երկրորդ առիթն է եկել, որ մեր ժողովուրդն այսպես միասնական հանդես գա»:
Դավոյանը խոսեց նաև խորհրդային շրջանի մասին. «Ես ուզում եմ ասել, որ յոթանասունականներին Եղեռնի վաթսուներորդ տարելիցի ժամանակ, ես արել եմ այդ առաջարկը, հոդված եմ գրել, որ տպագրվեց արտերկրում, Ջոն Կիրակոսյանը կանչեց սուրճ խմելու: Նա անգլերենն էր կարդացել հոդվածիս, և ասաց, որ դա կարող է մեզ համար գործունեության ծրագիր լինել: Մարդկությանը պետք չէր ասել, թե մեր վիշտը չեք հասկանա, հակառակը՝ պետք էր ասել, որ դա ձեր վիշտն է: Ես պատահական չհիշեցի յոթանասունականները: Այն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը Ալփարսլան Թյուրքեշն էր, հայտարարեց, որ ոչ մի ցեղ չի եղել, ընդամենը աշխարհով սփռված հայերի զառանցանքն է, կա մի Հայաստան անունով պետություն, որը չի խոսել այդ մասին: Այսօր, բարեբախտաբար, պետությունը վերցրել է դրոշն իր ձեռքը, և դրական մի հատված գալիս է դեպի մեզ: Այո, երբ պետությունը վերցրել է իր ձեռքը, պահանջեք: Ասեք՝ թող տնտեսության մեջ էլ լինի նման հռչակագիր, համահայկական լինի, բայց նման ակցիաներ ապրիլի քսանչորսին անել չի կարելի»:
Ռազմիկ Դավոյանը նկատեց. «Բոլոր այն պարագաները, որ այդ օրը երևալու են, ցույց են տալու մեր արժանապատվությունը, եթե չլինի, այդ մարդիկ, այդ հարգելի հյուրերը, մեզնից հիասթափված են գնալու: Ժողովուրդն ինքը պիտի թույլ չտա, որ նման բան լինի»:
Անդրադառնալով Բերձորի միջադեպին՝ Դավոյանն ասաց. «Ես ճանաչում եմ Սեֆիլյանին, ինչպես նաև Մոնթեին: Մոնթեն Հայաստան է եկել իմ հրավերով, մեր տնից էլ գնացել է Ղարաբաղ: Սեֆիլյանը, որը շատ հերոսաբար է կռվել, թող զբաղվի Արցախի և ՀՀ պաշտպանության հարցերով, պետք չի, որ մտնի քաղաքականություն, քանի որ նրա նման անհատին քաղաքականության մեջ օգտագործում են քաղաքական նպատակներով: Խորհուրդ եմ տալիս՝ չխառնվեն քաղաքականությանը»:
Խոսելով ներքին հարցերից՝ Դավոյանն ասաց. «Երկրիս վիճակը բարելավելու համար ամենամեծ պայքարողը նախագահն է: Եթե ուզում են պայքարել, պիտի նրա հետ պայքարեն: Երկրի ապահովության, ստրատեգիական ապահովողը երկրի նախագահն է: Թող խորհրդակցեն և պայքարեն»,- եզրափակեց գրողը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում