«Սա մարտահրավեր է հայ ժողովրդին, Հայաստանում մարդ չպետք է ծեծվի իր գործունեության համար»
«Եկել եմ ակցիային մասնակցելու որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր, անկախ կուսակցական պատկանելությունից»,- այսօր կառավարության դիմաց անցկացվող «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքերով, սա ժողովրդական ընդվզում է՝ ոչ թե կուսակցական. «Սա մարտահրավեր է հայ ժողովրդին, մենք ազգովի պետք է վերջ դնենք այս ամենին։ Հայաստանում մարդ չպետք է ծեծվի իր գործունեության համար, սա իսկապես վերջն է, իսկապես ժողովրդի համբերության բաժակը լցվել է»:
Ակցիային ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արտակ Խաչատրյանը մշտապես եղել է ակտիվ իր հանրային գործունեության մեջ և ըստ այդմ էլ կարող են ենթադրել, որ բռնությունը նրա նկատմամբ քաղաքական հայացքների պատճառով է եղել։
«Մենք այստեղ ենք, որպեսզի պահանջենք Հայաստանում օրենքի գերակայություն և մեղավորները բացահայտվեն սեղմ ժամկետում, եթե ոչ, ապա այս ամենին հետևելու են բազմաթիվ հրաժարականների պահանջներ»,- ավելացրեց նա:
Նշենք նաև, որ ակցիային ներկա են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը:
«Մենք իրավապահ մարմիններին ասել ենք, պարտավոր եք ապացուցելու, որ դուք իրավապահ մարմին եք: Այլապես, եթե չի բացահայտվում, ապա իմաստազրկվում է իրավապահ մարմին լինելու հարցը: Այս դեպքը կարող է լինել ամեն մեկիս հետ: Միավորված պետք է ճիշտ ճանապարհով շարժվենք»,-դիմելով ժողովրդին ասաց Մ. Մելքումյանը:
Այս պահին կառավարության շենքի դիմաց շարունակվում է Արտակ Խաչատրյանին փետրվարի 7-ին ծեծի ենթարկելու հանգամանքները բացահայտելու պահանջով բողոքի ակցիան:
Նախորդող հրապարակումներ՝
«Մենք բոլորս Արտակ ենք». Կառավարության դիմաց բողոքի ցույցը սկսվել է
Մինչև դեպքի լիակատար բացահայտումը՝ քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը. ԲՀԿ
Ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել