ՊԲ. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում մահացած հայ զինծառայողի վերաբերյալ
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991-ին ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի լրատվական բաժինը` շեշտելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Այնուհանդերձ, ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է հայկական զինուժի կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության խեղաթյուրմանը: Այսպես, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության` Ադրբեջանի ԶՈւ-ն իբր թե ոչնչացրել է «երկու հայկական հետախուզադիվերսիոն խմբի», այդ թվում` «հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Տիգրան Սիմոնյանին»: Ադրբեջանական «Հաքքըն.ազ» տեղեկատվական պորտալն իր հերթին հավելում է, որ հայկական կողմը հաստատել է զինծառայողի մահվան լուրը:
ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մահացու հրազենային վիրավորում ստացած, վերոհիշյալ զինծառայող Տիգրան Սամվելի Սիմոնյանին ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես «հետախուզական ստորաբաժանման հրամանատարի»:
«Դա Ադրբեջանի պետական քարոզչության հերթական սադրանքն է: ՊԲ-ն արդեն հաղորդել է, որ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում: Հայկական կողմը ոչ մի դիվերսիոն գործողություն չի իրականացրել. դա հակասում է մեր կողմից որդեգրված դիրքորոշմանը»,- շեշտել է նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում փորձում է խեղաթյուրված ներկայացնել հայկական կողմի կորուստների մասին տեղեկությունները: Այսպես, օրերս, հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հայտնել էր, թե իբր երեկ ՀՀ ԶՈւ 2 զինծառայող է սպանվել, մինչդեռ Արցախի Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել էր առաջնագծում մեկ զինծառայողի մահվան մասին, իսկ հայկական լրատվամիջոցներում երկրորդ չհաստատված կորստի վերաբերյալ որևէ տեղեկություն չկար:
Panorama.am-ն իրավիճակը պարզաբանելու նպատակով դիմել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին:
«Ոչ մի զարմանալու բան չկա, սա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական կողմն ունի մեկ մարտական կորուստ, որի մասին տեղեկությունը երեկ հրապարակվել է ՊՆ կայքում: Մենք հակված չենք սեփական կորուստների մասին տեղեկությունը թաքցնել հասարակությունից»,- շեշտել էր նա:
Նյութեր թեմայի շուրջ`
ԼՂՀ մարտական հենակետում զինծառայող է զոհվել
Ադրբեջանը հաստատել է իր մարտական կորուստը և խեղաթյուրել հայկական կողմի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական գյուղի` «հայերի կողմից գնդակոծվելու» մասին տեսանյութը զուտ ներկայացում է
«Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում կրակելով սեփական գյուղերի վրա». Հովհաննիսյան