Իրանի հոգևոր առաջնորդ. Պետք վերացնել բյուջեի՝ նավթից ունեցած կախվածությունը
«Իրանը ի զորու է դիմագրավել պատժամիջոցներին»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն այսօր Արևելյան Ատրպատական կատարած այցի ընթացքում Թավրիզի ազգաբնակչության հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ զարգացումներին և Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Թշնամին առավելագույնս օգտագործում է պատժամիջոցներ կիրառելու զենքը, նրանց ցանկությունն է, որպեսզի ժողովրդական շարժումը կասեցվի. Իմ կարծիքով, եթե միջուկային խնդրի շուրջ գործընթացներն այնպես ընթանան, ինչպես նրանք են թելադրում, ապա պատժամիջոցները չեն վերացվի: Պետք է լուրջ քայլեր կատարենք, մենք ի զորու ենք դիմագրավել պատժամիջոցներին: Մենք մեր գործողություններով պետք է խափանենք թշնամու նպատակները, եթե դա չկատարենք, ապա պատժամիջոցներ կկիրառվեն»:
Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է. «Պետք վերացնել բյուջեի՝ նավթից ունեցած կախվածությունը. Պետք է ներքին արտադրությունը խթանել և մարդկանց եկամուտները պետք է ապահովվեն հարկերի միջոցով: Այսօր մեզ մոտ հարկահավաքությունը թույլ է, որոշ ներդրողներ խուսափում են հարկերից և դա հանցագործություն է»: