Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
«Այսօրվա սուրբգրային ընթեցումի մեջ Պողոս առաքյալը կարևոր պատգամներ է տալիս մեզ` հորդորելով. «Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին` հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին: Եվ ձեր մարմնի անդամները, որպես անիրավության գործիք, ի ծառայություն մեղքի մի´ պատրաստեք, այլ հանձնեցե´ք ձեզ` ի ծառայություն Աստծու, որպես մեռելներից կենդանի դարձածներ» (Հռոմ. 6.12): Առաքյալի շուրթերով Տերը հրավիրում է մեզ հետևյալ անդրադարձումի` չծառայել մեղքին, այլ դառնալ արդարության գործիք` ծառայելու Աստծուն: Չէ որ քրիստոնյան մեռնելով մեղքի համար, մերժելով ու դատապարտելով այն` կենդանի է Աստծու համար: Իսկապես, չէ որ մենք մեր մկրտության ժամանակ, երեք անգամյա ընկղմումով ջրի մեջ, թաղվում ենք Քրիստոսի հետ մահվան մեջ և ապա Նրա հետ հարություն առնում իբրև նոր մարդ: Այդպիսով` մեր միջի հին մարդը խաչվում է Տիրոջ հետ, «որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռոմ. 6.6): Մեծ պահքի օրերին մեզ առիթ է ընձեռվում անդրադառնալու այս ամենին և քննելով մեր ճանապարհը` տեսնելու` արդյո՞ք ծառայում ենք մեղքերին, թե` Աստծուն:
Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դժվար է կատարյալ լինելը: Բայց Աստված մեզ միշտ առիթ է տալիս ձգտելու դեպի կատարելություն` ներքին մաքառումով, մեղքի դեմ պայքարով, գիտակցությամբ, որ արդեն իսկ Քրիստոսի հետ տնկակից լինելով, մահվան իշխանության տակ չենք, այլ` շնորհի: Ուստի առաքելական այս հորդորները թող այսօր ապրեցնեն մեզ և առաջնորդող լինեն մեր գործերում` հիշելու խոսքը, թե «դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի` Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 6.11):
Մահվան և կենդանության այս ընկալմամբ դիտենք մեր շուրջը, քննենք մեր հոգին և կհասկանանք, թե որքան շատ են մեզանում կենդանի մեռյալները` մխրճված մեղքի սպասավորության և գերության մեջ: Ապրենք Քրիստոսով և միշտ կենդանի լինենք միմիայն Աստծու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակում՝
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները