Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահքի 5-րդ օրն է: «Բազմազան են այս օրվա համար հայրերի սահմանած սուրբգրային հատվածները: Սակայն առանձնացնեմ մի քանի հատվածներ, որոնք, ըստ իս, առավել չափով կարող են այսօր զորացնել մեզանում հավատի ապրումն ու ընկալումը, հուշել, թե ինչպիսի´ն մենք պետք է լինենք մարդ-Աստված հարաբերության մեջ:
Այս ամենի մեջ նախ շատ կարևոր է «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» (Բ Օր. 6.5) պատվիրանը, որն ուղղակի ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի մեր աստվածճանաչողությունը: Այս պատգամը մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն պիտի պահի իր հոգու ու մտքի մեջ, այլ պետք է նաև հաղորդի իր զավակներին, դրանց մասին խոսի, երբ «տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս» (Բ Օր. 6.7): Սա ոչ այլ ինչ է, քան` վկայություն:
Ցավոք, մեզանում շատերը բավարարվում են միմիայն առանձնական հավատի փորձառությամբ. ես ընկալում, հավատում ու ապրում եմ և դա բավական եմ համարում, սակայն հավատն ավելին է, այն նաև վկայություն է, որ դառնում է գործ և հավաստում հավատի ճշմարիտ ընկալումն ու կենսագործումը: Չէ՞ որ հավատն առանց գործերի մեռած է:
Այսօր նաև զգուշացումներ են փոխանցվում մեզ, որպեսզի մեր հոգևոր ճամփորդության մեջ չսայթաքենք. «Քո Տեր Աստծուն մի´ փորձիր» (Բ Օր. 6.16) և «Անսասա´ն պահիր քո Տեր Աստծու քեզ հաղորդած պատվիրանները, օրենքներն ու կանոնները: Կատարի´ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տեր Աստծու առջև, որպեսզի լավ լինի քեզ համար» (Բ Օր. 6.16): Շատ հաճախ Աստծու ողորմությանն ու բարությանն ապավինելու ներքո մենք ուղղակի փորձում ենք Աստծուն:
Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ` ճիշտ կազմակերպելու կյանքը, որի բարօրությանը բոլորն են ձգտում: Անկախ կյանքի հանգամանքներից ու փորձություններից եկեք սիրենք Աստծուն և չփորձենք Նրան, այլ ապրենք աստվածապավինությամբ և թող մեր հավատի բարի վկայությունը մեզ համար հավելի վարձքն երկնքում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները