Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահքի 12-րդ օրն է:
««Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել», - ասում է Հոբ Երանելին: Այս արտահայտությունն ենք առանձնացրել այսօրվա ընթերցումներից` մտորելու մեր մարդկային բնության համառ բնավորության մասին: Հոբն իրեն բաժին ընկած փորձություններով ու դժվարություններով, երկրային ցանկալի ամենի կորստյամբ հանդերձ, լավագույնս օրինակ է ծառայում խոնարհության, Աստծուն ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու պատրաստակամության: Մեր կյանքի իրական և ոչ թե կարծեցյալ հաջողությունները պայմանավորված են միմիայն Աստծու կամքը փնտրելու և դրան հետևելու բարի կամքով: Այդ պարագային է, որ Աստծու շնորհների դռները բացվում են մեր առջև` վայելելու մեր կյանքում Նրա ներկայության ու ներգործության ջերմությունը: Սակայն անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի` անգամ Աստծու հետ, ըմբոստանում է ու իբրև առյուծ մռնչում` հագեցնելու անձնական փառասիրությունը: Եվ անդրադառնում է մարդը սեփական թշվառությանն ու անօգնականությանը, երբ Տերը, վահանն իր ըմբոստ զավակի առջևից առնելով, թողնում է, որ կյանքի փոթորկաբեր նետերը խոցոտեն նրան: Որքա˜ն շատ ենք մենք ընկճվում նման պարագաներում և գանգատվելով մեղադրում բացի մեզանից բոլորին և անգամ` Աստծուն: Իսկ որքա˜ն քիչ են դեպքերը, երբ ձաղկում ենք ինքներս մեզ` հայտնաբերելու սայթաքման պատճառը: Երանի, թե կարողանանք հոգու կամակորության ու հակառակության մեջ մեր հայացքն ուղղել դեպի Աստված` ոչ թե դժգոհելու համար, այլ ողորմություն ստանալու հույսով:
Աստծուն և Նրա կամքին հակառակվելու ճանապարհը, որն արդեն իսկ բարի չէ, չի կարող մեզ առաջնորդել դեպի Լույս և Կյանք: Եվ նման պարագաներում պետք է զգուշանալ, որ չարի ու մեղքի դրդմամբ հնարավոր ժամանակավոր թվացյալ հաջողությունները հարատև գայթակղության և ինքնագոհության մեջ չգցեն մեր հոգին ու միտքը` հեռացնելով մեզ մեր Արարչից: Հետևապես, մեր գործերով չհակառակվենք Աստծուն, քանզի, ի վերջո, հաջողություն չպիտի գտնենք: Փնտրենք Նրա կամքը` մեր առջև ունենալով արդար Հոբի օրինակը»,- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ`
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում