«National interest». Իսրայելցիների մեծամասնությանը մտահոգում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը
«Իսրայելցիների մեծամասնությանը մտահոգում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը»,-այդ մասին հաղորդում է իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքը` հղում անելով «National interest» պարբերականին:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Իրանի հարցում Միացյալ Նահանգների և Իսրայելի հարաբերություններում առաջացած տարաձայնություններին, մասնավորապես նշել է. «Եթե Իրանի միջուկային ծրագիրն Իսրայելի համար դիտվում է որպես կենսական սպառնալիք, ապա Միացյալ Նահանգների համար միջուկային Իրանը համարվում է ոչ ցանկալի, սակայն` վերահսկելի»:
«Բացի իրանական խնդրից` Իսրայելն ու Միացյալ Նահանգները տարաձայնություններ ունեն նաև տարածաշրջանային զարգացումների հարցում. Եթե Միացյալ Նահանգները կենտրոնացել են «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, ապա Իսրայելի հիմնական մտահոգությունը համարվում է «Հեզբոլլահ»-ը:
Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին կոնգրեսականների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում ընթացող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրանցիներն այնպիսի քայլեր են ձեռնարկել, որոնք մեզ օգնում են «Իսլամական պետության» դեմ պայքարում՝ չնայած մենք այդ հարցում Իրանի հետ որևէ համաձայնեցում չենք կատարում: Իրանցիներն իրենց ողջ ջանքերը գործադրում են «Իսլամական պետության» դեմ պայքարում և ներկայում նրանք ոչնչացնում են այդ խմբավորման անդամներին, որոնք մոտեցել են Իրանի և Իրաքի սահմանին»: