The Washington Post. Իլհամ Ալիևը մոլեգին բռնապետության նշաններ է ցուցաբերում
The Washington Post պարբերականը՝ «Jailed without trial in Azerbaijan» հրապարակմամբ անդրադարձել է Ադրբեջանում լրագրողների, բլոգերների և իրավապաշտպանների նկատմամբ իրականացված հետապնդումներին և ձերբակալություններին՝ այն համարելով Իլհամ Ալիևի մոլեգին բռնապետության արդյունք:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոլեգին բռնապետության նշաններ է ցուցաբերում: Լրագրողները, բլոգերները, փաստաբանները, իրավապաշտպանները և այլոք, ովքեր հանդես են գալիս անձնական ազատության պաշտպանության օգտին, ձերբակալվում են և կալանավորվում: Ալիևը անհանգստացած լինելով նավթից ստացվող եկամուտների անկումից, որոնց վրա տարիներ շարունակ հենվել է ռեժիմը, հարձակվում է նրանց վրա, ով դեմ է արտահայտվում»,- գրում է The Washington Post-ը:
«Քննադատներին լռեցնելու Ալիևի ամենասիրած գործիքներից մեկը նախնական կալանքն է: Ըստ ադրբեջանական օրենսդրության, այն պետք է կիրառվի միայն սահմանափակ դեպքերում: Քրեական օրենսգիրքն ավելի քան 10 տարի առաջ այդ իրավասությունը հանձնել է դատարաններին: Սակայն, իրականում դատարանները սկսել են ծառայել դատախազությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցած տարի նշել է, որ ադրբեջանական դատարանները հաճախակի մեխանիկորեն հավանություն են տալիս դատախազության միջնորդություններին կալանքի վերաբերյալ»,-գրում է թերթը:
Այնուհետև պարբերականը ներկայացրել է ամիսներ շարունակ առանց դատավարության նախնական կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի, նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի օրինակները, որի նախնական կալանքը նույնպես երկարացվեց 5 ամսով, առողջական խնդիրներ ունենալու պայմաններում:
Ըստ թերթի, նախնական կալանքի տակ էր գտնվում նաև հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Փակ դատավարության արդյունքում նա մեղավոր ճանաչվեց ու հանցավոր զրպարտության համար տուգանվեց: Նրա դատի օրը «Ազատություն» ռադիոկայանի նախկին ղեկավարին ձերբակալեցին օդանավակայանում և արգելեցին մեկնել երկրից: «Ազատության» ռադիոկայանի 26 լրագրողներ ու աշխատակիցներ հարցաքննվեցին դեկտեմբերի 26-ին ռադիոկայանի գրասենյակի խուզարկությունից հետո:
«Վերջերս ամսագրային գովազդներից մեկում Ալիևը նշել է, որ նա ցանկանում է Ադրբեջանը դարձնել «աշխարհում ամենազարգացած և մրցունակ երկրներից մեկը: Ադրբեջանն անկասկած չի դառնա նման երկիր, եթե Ալիևը շարունակի ղեկավարել բռնակալի պես»,- ամփոփում է The Washington Post-ը: