The Guardian. «Amnesty-ն կոչ է անում բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը»
Բրիտանական առաջատար The Guardian պարբերականը անդրադարձել է Բաքվում անցկացվելիք եվրոպական խաղերին` նշելով, որ թեև դեռ 100 օր կա խաղերի մեկնարկին, բայց Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը արդեն իսկ ահազանգում է, որ այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը ծայրաստիճան ցածր մակարդակի վրա է:
Հղում անելով իրավապաշտպան կազմակերպության կողմից ներկայացված զեկույցին` պարբերականը նշում է, որ եվրոպական խաղերի նախաշեմին զեկույցը լույս է սփռում Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների ձերբակալությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու իրական ծավալների վրա:
Ավելին, պարբերականը հիշեցնում է, որ նախորդ տարի դեկտեմբերին իրենց կողմից իրականացրած հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ ավելի քան 98 մարդ համալրել է Իլհամ Ալիևի կողմից ձերբակալված լրագրողների և իշխանությունների քննադատների ցուցակը:
«Չպետք է մոլորության մեջ հայտնվել փայլփլուն և գլամուր խաբկանք ապահովող այդ միջազգային շոուով, որը փորձում է Ադրբեջանը ներկայացնել որպես մաքուր միջազգային հեղինակություն ունեցող և արտասահմնյան բինզեսի համար գրավիչ երկիր: Այդ երկրի իշխանությունները ամենառեպրեսիվն են Եվրոպայում և անշուշտ բազում մեդալների կարժանանային, եթե դրանք շնորհվեին ամենաշատ ձերբակալված լրագրողներ ու իրավապաշտպաններ ունենալու համար»,- նշել է իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնակա Ասիայի գծով տնօրեն Ջոն Դալհուզիենը:
Պարբերականը հիշեցնում է, որ եվրոպական խաղերը հանդիսանում են Իլհամ Ալիևի և Ադրբեջանի սպորտի նախարարի ամենասիրելի նախագիծը, որի համար միլիարդավոր դոլարներ է ծախսվել և դեռ կծախսվի: