«Գյուղական տնտեսությունների վրա ավելի շատ վայրի շներ են հարձակվում, քան գայլեր»
Արփի լճի տարածքում, WWF կազմակերպության հետազոտոտության համաձայն, գյուղական տնտեսությունների վրա ավելի շատ վայրի շներ են հարձակվում, քան գայլեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքերով, անընդհատ խոսվում է, որ գյուղական տնտեսությունները լուրջ վնաս են կրում գայլերի հարձակումներից, սակայն այս հարցը միշտ միակողմանի մեկնաբանություն է ստանում. «Պարզվում է, որ այդ գայլերից մի մասը վայրի շներ են, որոնք հարձակվել են ընտանի կենդանիների վրա: Դրանք ավելի վտանգավոր են, գիտեն մարդու կենսակերպը, գիտեն ինչպես մտնել գոմ»:
Նա նշեց, որ ոչ զարգացած երկրներում կատաղած շների դեմ պայքարի միջոցները անարդյունավետ են:
«Կրակելով խնդիրը այսպես էլ լուծում չի ստանա: Պետք է հետևենք այնպիսի երկրների օրինակին, որտեղ այդ հարցին ճիշտ լուծում է տրվում: Մենք չունենք օրենքներ, որոնցով կարելի է առաջնորդվել»,- ասաց «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահը: