Մեծ պահք. Միջինք
Մեծ պահքի 24-րդ օրն է՝ Միջինք: Մեծ Պահքի շրջանը կիսվում է: Պահքն այսօր չեն ընդհատում, պարզապես ժողովրդական սովորության համաձայն, այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:
«Ընթերցվածք` Ելք 3.16-22, Հվլ. 3.1-8
Թեև այսօրվա ընթերցվածքը հատուցման մասին է, որին մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալ նախորդ օրերին, ցանկանում եմ մասնավորաբար խոսել պահքի կարևորության մասին: Այսօր կիսվում է Մեծ պահքը, և թերևս սա լավագույն առիթն է վերստին այդ մասին խորհրդածելու: Պահքը միջոց է հոգևոր վերածննդի: Ճշմարիտ պահեցողության մեջ գտնվողը նմանվում է Քրիստոսին, հաղորդության մեջ է հրեշտակների, մարգարեների, առաքյալների հետ և աղոթքով ու պահքով «յուրացնելով» Քրիստոսին` դառնում է արդար ու բարի:
Թյուր ընկալում ունեն կարծողները, որ պահքը հիմնականում սննդից հրաժարում է ենթադրում: Ճշմարիտ պահեցողությունը չարից հեռացման, լեզվի ու մարմնի սանձման, բարկության հանդարտեցման, կրքերի զսպման, դատարկաբանության, ստախոսության ու չարախոսության դադարեցման մեջ է: Պահքը մեզ առիթ է տալիս նախ և առաջ ուշադրություն դարձնել մեր հոգուն, կատարելագործել մեր հոգևոր մարմինը, ազատագրվել և պաշտպանվել աներևույթ կապանքներից ու չարիքից: Պահքն ազատում է մեզ մեղքի ստրկությունից և ազատություն տալիս շնորհների, այն դարմանում է հոգևոր վերքերը, զորացնում մեզ Աստծու երկյուղի մեջ, ոռոգում է մեր առաքինությունները` ծաղկեցնելով մեր հոգին:
Պիտի զանազանենք մարմնական պահքը հոգևոր պահքից: Երկուսն էլ լրացնում են միմյանց և սերտորեն պայմանավորված են միմյանցով: Շատ առիթներ են եղել լսելու մարդկանցից, թե իրենց համար մարմնական պահքը էական չէ այլևս, քանի որ գիտակցում են հոգևոր պահքի կարևորությունը: Սակայն նրանք մեծապես սխալվում են. իրականում մեկը կամ մյուսն առանձնաբար բավարար չէ և իմաստավորվում են միայն այն դեպքում, երբ երկուսն էլ իրագործվում են:
Չէ՞ որ մեր առօրյա կյանքում մեր հոգին և մարմինն առանձնաբար չեն ապրում: Սբ Ոսկեբերանն ասում է. «Ինչ օգուտ, որ հաց չես ուտում, սակայն ատելությամբ արբենում ես: Պահեցողությունից տկարանում ես, սակայն մերձավորիդ չարախոսում: Սննդից հեռու ես մնում, սակայն հափշտակում ես ուրիշի ունեցվածքը...»: Կարևոր է, որ ոչ միայն մեր բերանը պահք պահի, այլև տեսողությունը, լսելիքները, մեր մարմնի բոլոր անդամները: Ի վերջո, ըստ Տիրոջ խոսքի` այն չի պղծում մարդուն, ինչ մտնում է նրա մեջ, այլ պղծում է այն, ինչ ելնում է նրանից:
Պահքն առանց այս գիտակցության բարիք և անհրաժեշտություն չէ և կարող է անգամ վնասակար լինել: Բայց մենք պետք է այն առիթ դարձնենք մաքրելու մեր հոգին ու մարմինը, որովհետև այդ ժամանակ է մեր պահեցողությունը դառնում Աստծուն հաճելի զոհաբերություն ու սխրանք` զարդարված բազում բարի գործերի պտուղներով»,- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «... գալու է պատասխան տալու ժամանակը»
Մեծ պահք. «Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի Տնտեսի կիրակին
Մեծ պահք. «Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ»
Մեծ պահք. «Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է»
Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Մեծ պահք. «Հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»
Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Մեծ պահք. «Սա գագաթնակետն է հոգևոր կյանքի ընկալման»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի առաջիկա կիրակին
Մեծ պահք. Ընդհանրական Եկեղեցու երեք սրբի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին