Գոհար Գասպարյանի հորդորը. Չշահարկել «Genealogy» խմբի անդամներին քաղաքական թեմաներում
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հորդորում է չշահարկել «Genealogy» խմբի անդամներին քաղաքական թեմաներում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հետևում եմ եվրատեսիլյան մեր երգի արձագանքներին, մարդկանց հիացմունքին, հնչող կարծիքներին, բայց ուզում եմ խնդրել, որ զերծ մնաք ձեր հոդվածներում ու մեկնաբանություններում քաղաքական շահարկումներից: Մեր երգը սիրո, միասնության ու հաշտության մասին է, ինչն էլ յուրովի արտահայտվել է տեսահոլովակում: Գերդաստանը` որպես մարդկության, սերնդափոխության խորհրդանիշ, թռչունը` որպես խաղաղության, ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման, ինչպես որ նշված է մեր պաշտոնական հաղորդագրության մեջ: Հորդորում եմ չշահարկել «Genealogy» խմբի անդամներին քաղաքական թեմաներում: Եվրատեսիլը երգի մրցույթ է իր ուրույն կանոններով և ոչ թե քաղաքական հարթակ: Ակնկալում եմ ձեր զսպվածությունն ու թիկունքը մեր կարևոր ճանապարհին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ -2015» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է «Genealogy» խումը՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգով: Երգի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:
Ավելի վաղը Գ. Գասպարյանն ասել էր. «Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ (ընտանիքում, սիրային և այլ հարաբերություններում): Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
Երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է մարտի 12-ին: Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:
«Genealogy» խմբի անդամներն են՝ Եվրոպայից Եսայի Ալթունյանը, Ամերիկայից` Թամար Կապրելյանը, Աֆիկայից` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիայից՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիայից՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանից՝ Ինգա Արշակյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Genealogy» խմբի «Don’t deny» երգը՝ անգլերեն և հայերեն
«Եվրատեսիլ-2015». «Genealogy» խմբի Հայաստանի մասնակիցը հայտնի է (տեսանյութ)
Եվրատեսիլյան բացահայտումներ՝ հայաստանյան պատվիրակության ղեկավարի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները