Այս պահին ընթանում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման գործընթացը. Մանուկյան
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս պահին ընթանում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման գործընթացը: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքերով` այնտեղ կան հանձնաժողովի խորհրդի անդամներ, ովքեր ի պաշտոնե են ընդգրկվում, և կա քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ, ինչպես նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ:
«Այս պահին, իմ տեղեկություններով, համապատասխան խմբակցություններին հարցումներ են ուղարկված` համապատասխան թեկնածուներ ներկայացնելու համար: Ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, այդ խմբակցությունները կներկայացնեն անձանց, որոնք ներկայացված կլինեն խորհրդում: Կա նաև ընթացակարգ, թե ինչպես են քաղաքացիական հասարակության կառույցները ներգրավվում այս խորհրդի մեջ: Այս փուլումը ընթանում է ձևավորման գործընթացը»,- ընդգծեց Հ.Մանուկյանը:
Անդրադառնալով հասարակական կազմակերպությունների խմբի հայտարարությանը, ըստ որի` դիմել են նախարարին, որպեսզի հանձնաժողովում քաղաքացիական հասարակության անդամների համար հատկացված տեղերն ավելացնեն, մինչդեռ նախարարը հրաժարվել է, Հ.Մանուկյանը հաստատեց, որ նման հարցադրում եղել է` խորհրդում նրանց թվակազմը ավելացնելու համար, բայց այս պահին ընդունված որոշման համաձայն, խորհրդում՝ քաղաքացիական հասարակության անդամների համար հատկացված երկու տեղ ունեն:
«Մենք հույս ունեմ, որ հասարակական կազմակերպությունները, որոնք փորձառություն ունեն այս դաշտում և պատասխանատվություն են զգում այս պրոցեսի համար, մասնակից կլինեն հանձնաժողովի աշխատանքներին»,- ասաց արդարադատության նախարարը:
Հարցին, թե «Եվրանեսթ» խորհրդարանական վեհանաժողովի չորրորդ լիագումար նիստի ժամանակ եվրոպացի պատգամավորների կողմից կարծիքներ են հնչել, թե նախորդ ռեժիմի հետ աշխատած դատավորներն իրավունք չունեն հաջորդ իշխանության ձևավորած դատական համակարգում աշխատելու, Հ.Մանուկյանը պատասխանեց. «Դա իրավական բնութագրում չէ, դա ավելի շատ քաղաքագիտական կատեգորիա է: Ես կարծում եմ, որ դատավորներին տարանջատել, սահմանազատել և դասակարգել, թե ով որ կառավարության օրոք է աշխատել, կամ ով որ նախագահի օրոք է աշխատել, ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ մենք հարցին ուրիշ կողմից պետք է մոտենանք: Մենք պիտի փորձենք մեխանիզմներ ստեղծել, որպեսզի դատավորի վրա ազդեցության լծակները գործադիր իշխանության կողմից նվազեցվեն: Թե դատավորը կաշխատի 5 տարի, մեկ կառավարության, թե 10 կառավարության օրոք, դա երկրորդական հարցն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին