«Արարատի ստորոտին» մեդիաֆորումը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր է ընդունել
«Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի եզրափակիչ օրը մի քանի տասնյակ երկրների լրագրողներ համատեղ հռչակագիր են ընդունել, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հռչակագիրում, որն ընդունվել է մարտի 20-ին Մատենադարանում կայացած հանդիպման ժամանակ, մասնավորապես, ասվում է.
«Մենք՝ լրագրողներս, «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումի մասնակիցներս, տարբեր երկրների, ազգությունների եւ կրոնների ներկայացուցիչներս, հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդին եւ հարգում ենք 1915թ. Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը։ Մենք կոչ ենք անում դատապարտել այդ իրադարձությունները, որոնք ուղղված էին հայ ազգի եւ նրա բազմադարյա յուրահատուկ մշակույթի ոչնչացմանն ու հայ ազգին սեփական հայրենիքից զրկելուն։ Իրադարձություններ, որոնք ուղեկցվում էին զանգվածային ջարդերով, կոտորածներով եւ էթնիկական զտումներով»։ Նրանք շեշտել են, որ հայ ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցի շեմին չեն կարող անտարբեր մնալ Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերի հանդեպ։
«Մենք դատապարտում ենք 1915թ. Ցեղասպանության ժխտումը՝ որպես պատմական փաստերի կեղծում, որոնք աղավաղում են այս ողբերգության պատճառները, մեխանիզմներն ու հետեւանքները։ Դիմելով պատմական փաստերին՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն լրագրողներին, որոնք աշխարհին հայտնել են Օսմանյան կայսրության տարածքում կատարվող սարսափելի ոճրագործությունների մասին։ Մենք գիտակցում ենք լրատվամիջոցների դերն ու նշանակությունը եւ կարծում ենք, որ նրանց հիմնական խնդիրը բոլոր ազգերի միջեւ երկխոսությունը պաշտպանելն է։ Դիմելով աշխարհի բոլոր երկրների մեր գործընկերներին՝ մենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կոչ ենք անում նրանց՝ գործադրել բոլոր ջանքերը զոհերի հիշատակը վառ պահելու, անցյալի հանցագործությունների մասին լռելու փորձերին խոչընդոտելու, Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի եւ ռասիզմի ու մարդատյացության հողի վրա մարդկության դեմ կատարած այլ հանցագործությունների նշանակությունը նվազեցնելու դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ կենտրոնացնել ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու եւ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար»,- ասված է հռչակագրի մեջ:
Հռչակագիրը ողջունում է Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Ուրուգվայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի., Լեհաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Կանադայի, Վենեսուելայի, Արգենտինայի, Չիլիի եւ Վատիկանի կառավարություններին, որոնք ճանաչել եւ դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
Մարտի 18- 20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում էր մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Մեդիաֆորումի բացման օրը Թուրքիայից ներկա էին չորս լրագրողներ: Խորհրդաժողովն անցել է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: