Հայաստանում գայլերի տեղաշարժի հետ կապված որևէ ուսումնասիրություն չի կատարվել. բնապահպան
«Ակնհայտ է, որ գայլերը գյուղացիների վրա հարձակվում են քաղցած լինելու պատճառով, իսկ որոշ կենդանատեսակների որսն արգելելով՝ մենք այդ գիշատիչների համար անհրաժեշտ սնունդ կապահովենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նա նշեց, որ բնապահպանության նախարարությունը խիստ մտահոգ է գայլերի կողմից մարդկանց վրա հարձակման դեպքերի հաճախակիացմամբ, ուստի նրանց ոչնչացնելուց զատ այլ միջոցառումներ էլ է ձեռք առել, մասնավորապես՝ արգելել այն կենդանիների որսը, որոնցով սնվում են գայլերը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Վայոց Ձորի Չիվա գյուղում գայլը հարձակվել է սիբեխ հավաքող կանանց վրա: 5 կանանց վրա հարձակում գործած գայլը ճանկերով վնասել էր երկու կանանց դեմքը, իսկ մյուսներին վնասվածք էր հասցրել մարմնի այլ մասերին:
«Մենք նախատեսում ենք Լոռու մարզում հատուկ ֆոնդ հիմնել և հատուկ ծրագրով կրթել գյուղացիներին՝ ինչպես պաշտպանվել գայլերի հարձակումներից: Այս նպատակով մենք դիմել ենք բրիտանական կենդանապաշտպան մի կազմակերպության, և չնայած տրամադրվելիք շատ փոքր գումարին՝ ուզում ենք գործը կատարել»,- ավելացրեց բնապահպանը:
Նրա խոսքերով՝ որպես կանոն, դուրս մնացած ծեր, հիվանդ գայլերն են հարձակվում մարդկանց վրա, որոնք բնության մեջ լուրջ որսի ընդունակ չեն:
Հանդիպմանը ներկա բնապահպան Կարինե Փանոսյանն էլ նշեց, որ Հայաստանում բացի Արփի լճի ավազանում 2012-ին իրականացված մի հետազոտությունից, գայլերի կենսամիջավայրի, տեղաշարժի հետ կապված որևէ ուսումնասիրություն չի կատարվել: