Մեծ պահք. «Հիշենք, որ Եկեղեցուց դուրս փրկություն չկա»
Մեծ պահքի 39-րդ օր է:
«Ընթերցվածք` Եզեկ. 37.1-14, Ա Տիմ. 3.14-16
Առաքելական թղթերից թերևս ամենակարճ ընթերցվածքն է այսօր ներկայացվում մեր ուշադրությանը: Սակայն որքա˜ն խոր և բովանդակալի են այդ երեք նախադասությունները, որքա˜ն նյութ են մատուցում մեզ խորհրդածելու Եկեղեցու` եկլեզիայի մասին, որ հավատացյալների համախմբումն է, կանչվածների համայնքը:
Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղած իր առաջին թղթում խոսում է Աստծու տան մասին, որ «կենդանի Աստծու եկեղեցին է` սյուն և հաստատություն ճշմարտության» (3.15): Մենք, իբրև հավատացյալներ, պատկանում ենք կենդանի Աստծու այդ համայնքին, որ Բարձրյալի կամքով և առաքյալների լուսավորչական քարոզչությամբ հաստատվեց Հայոց աշխարհում և կոչվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Ոչ թե անշարժ ու մեռյալ կուռքերի ենք պատկանում ու երկրպագում, այլ կենդանի Աստծու եկեղեցին ենք, Ումից մենք էլ կյանք և շնորհ ենք ստանում:
Այսօրվա այս ընթերցումը մեզ առիթ է ընծայում վերստին ճշտելու մեր վերաբերմունքը Աստծու տան, կենդանի Աստծու եկեղեցու հանդեպ, տեսնել, թե արդյո´ք մենք ճշմարտապես գիտակցում ենք մեզ իբրև էկլեզիա, ընկալում ենք մեր միությունն ու ամբողջությունը` որպես Քրիստոսի մարմին:
Եկեղեցին է սյունը և հաստատությունը ճշմարտության, որը խնամքով պահպանվում է նրանում և փոխանցվում հավատացյալների հաջորդ սերնդին: Եկեղեցին է հիմքն ավետարանական ճշմարտության, որ պիտի շարունակաբար վկայի մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Առաքյալը շարունակում է բացահայտել Եկեղեցու խորհուրդը. «Եվ հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (3.16):
Հիրավի, Եկեղեցին է պահապանը աստվածպաշտության մեծ խորհրդի, որ հիմքն է քրիստոնեական կյանքի: Այդ խորհրդի ճշմարտությունը վերաբերում է Աստծու Միածին Որդու մարմնավորմանը և փրկագործությանը: Առաքյալի այս մեկ արտահայտությունը խտացումն է քրիստոնեական ողջ հավատամքի, ուր ներկայացվում է, թե ինչպե´ս մեծ և սքանչելի Խորհուրդը մարդացավ մեր փրկության համար, արդարացավ Հոգով, այսինքն` փաստեց իր ճշմարիտ աստվածությունը, Հոգով կատարելով բազում հրաշքներ և բժշկություններ, քարոզվեց ամբողջ աշխարհում, բոլոր ազգերին, համբարձվեց առ Հայրն, «հավատալի եղավ աշխարհում» (3.16):
Իր խոսքով առաքյալը ցանկանում է զորացնել մեր հավատը աշխարհի Փրկչի` Քրիստոսի նկատմամբ, Ում վրա, իբրև ամուր անկյունաքարի և անխորտակելի սյան, պետք է հաստատենք մեր կյանքը: Մենք, որպես եկեղեցու անդամներ, պարտավոր ենք կրողը լինել այդ հավատի, ավելին` այդ Ճշմարտության, Ով հիմքն է և գլուխը ողջ Եկեղեցու: Սբ Հովհան Ոսկեբերանն իր ճառերից մեկում ասում է, որ Եկեղեցին պատերը և գմբեթը չեն, այլ` հավատը և կյանքը..., աստվածադիր եկեղեցական օրենքները:
Աստված միշտ էլ կանչում է մեզ դեպի Իրեն և Իր Սուրբ Եկեղեցին: Նա մեզ կանչում է ոչ միայն այն ժամանակ, երբ ղողանջում են եկեղեցու զանգերը, արարողություններ են կատարվում, այլ կանչում է մշտապես: Հիշենք մեր կյանքի բոլոր այն պահերը, երբ անդրադարձել ենք, որ սա Աստծու կանչն է, հորդորը սթափվելու և վերափոխվելու, բայց ուժ չենք գտել հետևելու դրան: Տերը միշտ բախում է մեր դուռը` հրավիրելով դեպի Աստծու տաճար, դեպի փրկություն: Սակայն միշտ չէ, որ մենք պատրաստ ենք կանգ առնել ու հրաժարվել մեր կյանքը լցնող տարբեր հոգսերից ու զբաղումներից և իմաստնաբար տնօրինել մեր ժամանակը:
Աստված հանապազ կանչում է մեզ Իր տուն, որպեսզի այնտեղ զգեստավորվենք հավիտենական կյանքի հույսով, գտնենք մեր հոգևոր կյանքի դարմանը և, բռնելով աստվածանմանության ճանապարհը, համակվենք ճշմարտությամբ ու միությամբ Քրիստոսի հետ: Հիշենք, որ Եկեղեցուց դուրս փրկություն չկա. այն է մեր պատսպարանը, այն է մեր հույսը և զորությունը»,- ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Ներողամիտ լինենք միմյանց նկատմամբ, սիրենք դիմացինին ինչպես մեր անձը»
Մեծ պահք. «Օրվա խորհուրդը մեզ թելադրում է անկախ ամեն հանգամանքից պարզապես հոգ տանել մեր կողքինի նկատմամբ»
Մեծ պահք. «Համոզված ենք, որ վերադասի կամ որևէ պաշտոնյայի փոխարեն մենք առավել լավ կղեկավարեինք»
Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մուտքի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Վա՜յ նրան, որ իր հորը կասի, թե` ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե` ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»
«Հարության հույսով գոտեպնդված`դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը»
Մեծ պահք. «Աներկյուղ ապրենք մեր կյանքը»
Մեծ պահք. «Մեր ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը»
Մեծ պահք. «... մեր գործերում և ձգտումներում նմանվենք մանուկներին»
Մեծ Պահքի խորհրդանշական շղթայի Անիրավ դատավորի կիրակին
Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է
«Մեծ պահքի այս օրը մեզ համար մասնավոր հրավեր է մարդկային անարդարությունից դեպի Աստծու արդարություն»
Մեծ պահք. «...հիշենք նաև մեր կողքին գտնվողներին»
Մեծ պահք. Միջինք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները