Բոլոր ելույթները միտումնավոր էին և ուղղված էին անձերին. Վահրամ Բաղդասարյան
«Այստեղ մեղադրանք հնչեցվեց ՏՄՊՊՀ-ի ղեկավարի մասին` ոչ պրոֆեսիոնալ լինելու հետ կապված: Ես այստեղից հայտարարում եմ, որ պարոն Զուրաբյան դուք և այստեղ ելույթ ունեցող որոշ գործիչներն են ոչ պրոֆեսիոնալ քաղաքական դաշտում, քանի որ ծրագիրն ու հաշվետվությունը միմյանցից չեք տարբերում»,- այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքերով` ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորըները կարծես թե հաշվետվություն են քննարկում, բայց բոլոր ելույթները միտումնավոր էին և ուղղված էին անձերին:
«Դուք մոռանում եք, որ սա ծրագրի քննարկում է: Իհարկե կային առաջարկություններ, բայց այստեղ առանց առաջարկությունների, առանց ծրագիրը քննարկելու դատապարտում եք` կարծես հաշվետվություն եք լսում և գործը չի կատարվել: Ինձ թվում է, որ ավելի առողջ կլինեիք, եթե ներկայացնեիք ձեր առաջարկությունները, սակայն ասում եք` ծրագիրը վերցրու և գնա: Ինչպես պետք է աշխատի հանձնաժողովը, եթե ծրագիրը վերցնի ու գնա: Մենք ունենք բացթողում և սա պետք է վերանայվի, որ նաև հանձնաժողովներին է առիթ ստեղծում ավելի ազատ լինեն ամբիոնից: Եւ պարոն Շաբոյան ձեզ խնդրեմ եմ, որ դուք էլ ձեր մասնագիտական թեմայից մի շեղվեք` մենք այդ պատասխանները կտանք, այդ գործը թողեք մեզ: Իսկ պատգամավորների հետ իրավունք չունեք այդպես խոսելու` նրանք այստեղ տանտեր են», - ասաց Վ.Բաղդասարյանը:
Անդրադառնալով Շաբոյանին` նա նշեց, որ քաղաքական ուժը Հանձնաժողովին տվել է բոլոր գործառույթները, որի միջոցով կարող են դաշտը պահել հսկողության տակ, իսկ եթե կան գործառույթներ, որոնք տրված չեն Հանձաժողովին, ապա կարող է այդ հարցով դիմել ԱԺ-ին, որպեսզ նման գործառույթներ տրամադրվեն Հանձնաժողովին:
Այնուհետև Վ.Բաղդասարյանը սկսեց քննադատել Արտակ Շաբոյանին` նշելով, թե Հանձնաժողովը հատկապես թերացել է մոտ 25 անուն ապրանքատեսակների մշտադիտարկման հարցում, քանի որ պետք է հսկողությունն անընդհատ լիներ, մինչդեռ չի արել:
«Եղե՞լ են արտոնյալ տնտեսվարողներ, որոնց նկատմամբ ստուգումներ չեն իրականացվել: Նաև այդ խնդիրը հուզում է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ մեզ: Արդյոք բոլորը հավասար դաշտո՞ւմ են, թե ոչ: Անընդհատ պետք է լինեն մշտադիտարկումներ` հատկապես գնաճի ժամանակ: Իմ կարծիքով` ոչ թե պետք է վարչապետը գնար սուպերմարկետներ ու գները զսպեր և վերահսկեր, որը, իհարկե, բավականին լավ արձագանք ստացավ, այլ ձեր հանձնաժողովի սուրբ պարտականությունն էր դա: Եթե այդ իրավունքը չունեք, ապա բարձրաձայնեք այդ մասին, որ դրա իրավունքը ձեզ տանք: Եթե դուք ձեր գործը կատարեիք, հանիրավի անարժան մարդիկ այստեղ չեն օգտագործի ՀՀ նախագահի անունը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ապա դիմելով ընդդիմադիր պատգամավորներին` նշեց. «Եթե որևէ կառույց թերանում է իր աշխատանքում, ապա խնդրում եմ` դա մի անձնավորեք, քանի որ դրանց արմատներն այդքան խորը չեն, որքան դուք եք պատկերացնում: Իսկ ՏՄՊՊՀ նախագահից պահանջում եմ` մինչև ձեր հաշվետվությունը, բոլորին տաք հիմնավոր պատասխաններ և որպեսզի դաշտը բոլորի համար լինի հավասար, որ նման շահարկումներ չլինեն: Երբ մարդիկ անզոր են լինում, մտնում են անձնական դաշտ. ձեռնպահ մնացեք անձերից, փորձեր կատարելուց ձեր երկիրը և ղեկավարին վարկաբեկելուց: Մենք էլ ենք սովորել այդ ձևերը ձեզնից, սակայն չենք ցանկանում նման քայլերի դիմել: Կոչ եմ անում` լինենք կառուցողական դաշտում ու մասնագիտական քննարկում կազմակերպենք»: