Ավագ երկուշաբթի. Նվիրված է աշխարհի արարչագործությանը
Ավագ երկուշաբթին է:
«Նվիրված է աշխարհի արարչագործությանը: Օրվա ավետարանական ընթերցումներում հիշատակվում է Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը և անպտուղ թզենու պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:18-22): Թզենու պտուղը խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը պատժվելու է անպտուղ թզենու նման:
Օրվա խորհրդով նախ պետք է ի խնդիր հավատի մաքրության սովորենք պատշաճ վերաբերմունք դրսևորել սրբությունների հանդեպ և բարի գործերով մշտապես վկայենք մեր հավատը, փաստենք մահվան հանդեպ Քրիստոսի հարության հաղթությունը»,-ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Qahana.am կայքը գրում է, որ, ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իրենում պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները