Հրաչիկ Միրզոյանը վերակենդանացման բաժանմունքում է
Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ դանակահարված «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը վերակենդանացման բաժանմունքում է, մի քիչ կազդուրվելուց հետո նրան կտեղափոխեն Երևան: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը: Նա ասաց, որ հեռացրել են Հ. Միրզոյանի փայծախը:
Ինչ վերաբերում է դանկահարող անձին, Վ. Հակոբյանն ասաց, որ առանձնապես հույսեր չի կապում ոստիկանության հետ, որ նրան բերման կենթարկեն, թեև Հրաչիկ Միրզոյանը ճանաչել էր իրեն դանակահարողին:
«Ամեն ինչ տեղի ունեցավ ոստիկանների աչքի առաջ, այդ ժամանակ կարող էին բերման ենթարկել, բայց չարեցին, չեն էլ անի, առանձնապես հույս չունեմ: Եթե ուզենային, կարող էին կանխել դանակահարությունը: Հանրահավաքի ողջ ընթացքում մի քանի անգամ հորդորեցի ոստիկաններին, որ միջամտեն, բայց հանգիստ կանգնած նայեցին մինչև իրենց ներկայությամբ տեղի ունեցավ դանակահարություն: Ոստիկանները դրա մասնակիցն են, ինչպես կբացահայտեն որևէ բան»,-նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ, ովքեր վստահեցրել են, որ բոլոր ջանքերը գործադրում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու, տեղի ունեցածին ամբողջական իրավական գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: «Հույս հայտնեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի: Հուսադրող չէ, սակայն, որ մինչև այս պահը միջադեպի մասնակիցներից ոչ ոք հայտնաբերված չէ, թեև բոլորի ինքնությունը իրավապահներին հայտնի է»,- նշել էր պատգամավորը:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում տեղի է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որի ընթացքում միջադեպեր էին գրանցվել. նախ մասնակիցների, ելույթ ունեցողների վրա մի քանի երիտասարդ ձվեր էին նետել, այնուհետև նաև դանակահարել էին «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին:
Նախորդող հրապարակումներ՝
««Հիմնադիր խորհրդարանի» դանակահարված անդամին այս պահին վիրահատում են»
Միջադեպեր՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ. «Ոստիկաններ, դուք դեկորացիա չեք այս հրապարակում»
Հիմնադիր խորհրդարանը Գյումրիում է. «Օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն»