
Թուրքիայից և Պակիստանից ներկրվող պտուղ-բանջարեղենի մասին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից և Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՊԾ պաշտոնական կայքից:
Համաձայն հանձնարարականի՝ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, կենթարկվեն նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանության դեպքում բեռների ներկրումը հանրապետություն կարգելվի: