Երևանում և Բոխումում ստեղծվում են հայ-գերմանական բարեկամության այգիներ
155 ծառ՝ ի նշան հայ-գերմանական բարեկամության նոր դրսևորման: Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում ապրիլի 11-ին Գերմանիայում գործող «Հայ Ակադեմիականների միությունը» կազմակերպել է ծառատունկ: Իր 155-ամյա հոբելյանի կապակցությամբ և ի նշան հայ-գերմանական բարեկամության` միությունը 155 տունկերով նոր այգի է ձևավորվել: Հայ-գերմանական բարեկամության ծառատունկն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և Ավան վարչական շրջանի ղեկավարության աջակցությամբ: Այս մասին հայտնում են «Հայ Ակադեմիականների միություն»-ից:
Միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող քայլերից մեկն է: Մեկ շաբաթ անց` ապրիլի 18-ին, Գերմանիայի Բոխում քաղաքում կկազմակերպվի հայ-գերմանական բարեկամության երկրորդ ծառատունկը: Թուրքական հսկա և ուժեղ համայնք ունեցող Գերմանիայի Բոխում քաղաքում եևս Հայաստանի Հանրապետությունից տարված 155 ծառերով նոր այգի կձևավորվի` որպես Հայոց ցեղասպանության փաստի հիշեցման ու Հայոց հարցի բարձրաձայնման հերթական քայլ:
Երկու այգիների հիմնումը ընթանալու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ պրոֆ. դր. Նորբերտ Լամերտի բարձր հովանու տակ: Ծրագրին աջակցում է ՀՀ Սփյուռքի նախարարության Եվրոպայի բաժինը:
Հայապահպան իր գործունեությամբ հայտնի և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում հսկա ներդրում ունեցող «Հայ Ակադեմիականների Միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի տեղեկացմամբ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 18-ից Գերմանիայի Բոխում քաղաքում կմեկնարկի նաեւ «Հայկական գարուն» ծրագրերի շարքը:
«Գերմանիայում Հայոց ցեղասպանության փաստին առավել լայն հնչեղություն ու նոր մակարդակ հաղորդելուն խոչընդոտող գործոնները շատ են: Թուրքական համայնքն ուժեղ է: Բայց ես կարծում եմ, որ Գերմանիայի հայոց համայնքում մեր ներքին տարաձայնությունները մեր աշխատանքներին ավելի շատ են խանգարում, քան թուրքական համայնքի գործունեությունը: Խոչընդոտները հնարավոր կլիներ ավելի հեշտ հաղթահարել, եթե հայ համայնքն ավելի միասնական ու համախմբված գործեր»,-ասել է Ա. Օրդուխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան