Միջազգային իրավապաշտպանները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել են ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում:
Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով:
«Մենք տեղյակ ենք Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող դրության մասին: Լրագրողների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, ընդդիմադիրների ձերբակալությունները բազմապատկվել են: Ադրբեջանը այժմ երկու անգամ ավելի շատ քաղբանտարկյալներ ունի, քան Ռուսաստանը և Բելառուսը միասին վերցրած»,- նշված է իրավապաշտպանների նամակում:
Իրավապաշտպանները փաստում են, որ վերջին շրջանում Ադրբեջանին ուղղված տարբեր զգուշացումները որևէ դրական արդյունք չեն տվել, հետևաբար արդեն ժամանակն է, որ ԱՄՆ-ն ավելի հստակ քայլեր ձեռնարկի` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի իշխանությունների կոնկրետ ներկայացուցիչների և որոշ կառույցների նկատմամբ:
Մասնավորապես` իրավապաշտպաններն առաջարկում են վիզային արգելքներ սահմանել և սառեցնել ադրբեջանական այն պաշտոնյաների հաշիվները, որոնք ինչ-որ կերպ ներառված են երկրում տեղ գտած մարդու իրավունքների խախտումների գործընթացում, ինչպես նաև սահմանափակել ամերիկյան «Export-Import Bank» և «OPIC» ընկերությունների կողմից Ադրբեջանի պետական մասնաբաժնով ընկերություններին առևտրային հարցերում ցուցաբերվող օժանդակությունը:
Պատժամիջոցներ սահմանելուց բացի, իրավապաշտպանները պահանջում են նաև Ադրբեջանի իշխանություններից անմիջապես ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին, հարգել լրագրողների իրավունքները իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնելիս, դադարեցնել ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքի անդամներին հետապնդումների ենթարկելը:
Հատկանշական է, որ իրավապաշտպանները իրենց մտահոգությունները հայտնելիս շեշտում են այն հանգամանքը, որ Ադրբեջանում իրավունքների և ազատությունների սահմանափակումները լայնամասշտաբ բնույթ կարող են ստանալ այս տարի նախատեսված խորհրդարանական ընտրությունների շեմին: