Արամ Առաջին. Եթե լուրջ քայլի չդիմենք, շուտով 100-րդ տարելիցը կկորցնի իր իմաստը, պատգամն ու մարտահրավերը
«Կիլիկիո կաթողիկոսությունը դատական հայց ներկայացրեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ նպատակ ունենալով հիմք դնել մեր ազգին ու եկեղեցուն պատկանող բոլոր կալվածքները վերադարձնելու թղթածրարի: Մարտավարական նոր մոտեցում է, որը, վստահաբար, կամբողջացնի Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը:
Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի կաթողիկոսորանը վերադարձնելու պահանջով:
Արամ Առաջինը նաև նշել է. «Հարկավոր է մշակել լուրջ ռազմավարություն՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական ներկա պայմանները: Երևանում հրապարակված հռչակագիրը մեր պահանջատիրության մեկնակետն է, նաև ճշտելու հատուցման մեր համապարփակ մոտեցումը և ապա՝ թղթածրարը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական աշխատանքները պետք է սկսվեն հարյուրամյակից հետո՝ համազգային համախմբմամբ, միասնական ոգով և ամբողջական հանձնառությամբ: Այս գործընթացը պետք է ղեկավարի Հայաստանը՝ հատուկ գրասենյակ, նույնիսկ նախարարությանը հավասարազոր բաժին հաստատելով: Հիշյալ աշխատանքի մաս պետք է կազմեն կրոնական և կուսակցական կառույցները, ցեղասպանության և միջազգային օրենքի մասնագետները: Եթե նման լուրջ քայլի չդիմենք, շուտով 100-րդ տարելիցը կկորցնի իր իմաստը, պատգամն ու մարտահրավերը: …
Ցեղասպանության ճանաչումը չպետք է դառնա ինքնանպատակ ու բարձրագույն գագաթը մեր պահանջատիրական պայքարի: Առանց անտեսելու ճանաչման կարևորությունը, անհրաժեշտ է 100-րդ տարելիցի հետո հատուկ շեշտ դնել, նույնիսկ առաջնահերթ կարևորություն դարձնենք հատուցման պահանջը և որպես առաջին քայլ՝ կալվածքների վերադարձը»:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կաթողիկոսարանը վերադարձի դատական հայցն ուղղակիորեն ներկայացրել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, Արամ Առաջինը պատասխանել է. «Ցանկացած երկրի պարագայում, դատավարական կառույցը բաղկացած է նախադատ, վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններից: Մի շարք երկրներ ունեն նաև Սահմանադրական դատարան: Բնականաբար, յուրաքանչյուր դատարան իր գործունեության ու իրավասության սահմաններն ունի: Նկատի ունենալով, որ Սիսի քաղաքապետարանը մերժել է պարզ կալվածաթղթի պահանջը, իրավաբաններն անիմաստ են համարել դիմել տեղական դատարան և հայցը ներկայացվել է ուղղակի Սահմանադրական դատարան: Մերժվելու պարագայում պետք է կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դատական բոլոր փաստաթղթերը պատրաստվել են նաև այս հեռանկարով»:
Արամ Առաջին Կաթողիկոսի ամբողջական հարցազրույցը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտանական կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան