Բուհերը տեղափոխել Գյումրի. «Այս ծրագիրը չի իրագործվի»
ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի նիստում ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը Գյումրին զարգացնելու համար առաջարկել է Երևանից Գյումրի 1-2 բուհական հաստատություններ տեղափոխել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Մուշեղյանն ասաց, որ Երևանն այսօր գերբեռնված է, շրջանները թերբեռնված, այսինքն տարածքային համաչափ զարգացման խնդիր կա: Նա նշեց, որ Երևանի բուհերում սովորող հարյուր հազար ուսանողը զբաղեցնում են հասարակական տրանսպորտի 30 տոկոսը:
Ճարտարապետի խոսքով, տարբեր մարզերում կան տարբեր հետաքրքրություններ, պայմաններ տարբեր ոլորտները զարգացնելու համար, օրինակ Գյումրին մշակույթ է, տուրիզմ է, մեծ պոտենցիալ ունի գիտության, արվեստի ոլորտում: Նա նաև նշեց, որ բուհերի տեղափոխումը կնպաստի Գյումրիի երիտասարդացմանն ու աշխուժացմանը, ինչպես նաև Գյումրիում ևս ներդրումային ակտիվ դաշտ կձևավորվի: Գ. Մուշեղյանի խոսքով, այսօր բուհերի շենքերը բավականին հին են՝ կառուցված խորհրդային շրջանում, իսկ վերանորոգման համար անհրաժեշտ գումար չկա:
Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանն էլ ամփոփ ներկայացնելով Գ. Մուշեղյանի առաջարկությունն հիմնավորող դրույթները՝ բեռնաթափել Երևանը, բուհերի շենքերն այլևս պիտանի չեն, սեյսմակայունության առումով խնդիրներ կան, իսկ ամրացնելու համար գումար չկա, մյուս քաղաքները զարգացնել, վստահություն հայտնեց, որ չի իրագործվի այս ծրագիրը. «Բուհը միայն շենք, շինություն չէ, գաղափար է իր մեջ ամփոփում»:
Ա. Մարտիրոսյանը նաև վստահ է, որ դասախոսների, ուսանողների մի մասը չեն գնա հասնի Գյումրի: Պրոֆեսորի խոսքով, բուհը պետք է իրենով զարգանա: Ա. Մարտիրոսյանն ասաց, որ պետք է այնպես անել, որ Գյումրիում գործող պետական բուհերի մասնաճյուղերը զարգանան, հայտնի մասնագետներ, վաստակավոր դասախոսներ աշխատեն այդ բուհերում, այսինքն այնպես անել, որ ուսանողն ինքը ցանկություն ունենա սովորել Գյումրիում գործող ուսումնական հաստատությունում:
«Լավ է այլ քաղաքները զարգացնելու ծրագրեր մշակել, բայց այս ճանապարհով հնարավոր չէ դա իրականացնել, ֆիզիկապես հնարավոր չէ: Ինչու չմտածել՝ որևէ մի համալսարանի մի ֆակուլտետ տեղափոխել, տեսնել ինչպես է գործում»,- ասաց պրոֆեսորը:
Գ.Մուշեղյանն էլ ասաց, որ եթե գիտականորեն հիմնավորվի, կառավարությունն էլ հիմնավորի, որ անհրաժեշտություն կա, ծրագիրը կընդունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան