Զարուհի Փոստանջյանը Սուրիկ Խաչատրյանին վախի մթնոլորտի խորհրդանիշ է համարում
«Անպատժելիության ու վախի մթնոլորտի խորհրդանիշ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ հանցագործությունների մասին փաստերը բազմիցս են հրապարակվել զանգվածային լրատվամիջոցներով, սակայն քրեաիրավական պատշաճ արձագանք չեն ստացել»,-այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունը ակնհայտ դարձրեց Սուրիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող զինված խմբի գործունեությունը, որը տարիներ շարունակ հարձակումներ է գործել անձանց և կազմակերպությունների վրա, զրկել նրանց սեփականությունից, կյանքից և պատճառել բարոյական, առողջական ու գույքային վնասներ։
Ավետիք Բուդաղյանի սպանությունը թողնելով անպատիժ և ապօրինի մեղադրելով Արտակ Բուդաղյանին` այսօր ունենք հետևանք, սույն թվականի մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծից մարմնական վնասվածք ստացած երիտասարդներ Հարություն և Մուշեղ Զաքարյաններ:
Ուստի` գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեաիրավական գնահատականի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի՝ դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից:
Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը», -հավելել է նա։