Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Էջմիածնում գազալցակայանի պայթյունի հետևանքով երեք տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից Panorama.am-ին հայտնեցին, որ Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի վիճակը գնահատվում է ծանր:
«Տարբեր աստիճանի՝ 40-68 տոկոս այրվածքներ են ստացել, գումարած վերին շնչուղիներ: Դեռ շոկից դուրս չեն եկել»,-հայտնեցին վերակենդանացման բաժանմունքից:
Հիշեցնենք, որ հիվանդանոց տեղափոխվածներից մեկը՝ 1990 թ. ծնված Արմեն Հակոբի Հակոբյանը նախկին պատգամվոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին է, մյուսը՝ Արմեն Ռաֆիկի Հակոբյանը նրա եղբայրն է: Տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև 1994 թ. ծնված Արթուր Գասպարյանը:
ՏԿԱԻՆ-ից էլ դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ հայտնեցին. «Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Հ.-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկումով, ինչից Ա. Հ. Հ.-ը (ծնվ.1990թ.), Ա. Ռ. Հակոբյանը (ծնվ.1965թ.) և Ա. Ա. Գ.-ը (ծնվ.1994թ.) հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների ՀԳԿ» ՓԲԸ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Պայթյունի հետևանքով վնասվել է մոտակայքում կայանած «Ֆոլկսվագեն» մակնիշի (վարորդ Ա. Հ. Հ.) ավտոմեքենայի բեռնախցիկը և հետնամասի անվադողերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.37-ին, մարվել` 10.52-ին: Այրվել են կոմպրեսորային սենյակը և տանիքը ամբողջությամբ (10 ք.մ)»:
Նախորդող լուրեր՝
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին
Պայթյուն` Էջմիածնի մայրուղու գազալցակայանում