«Հայփոստ»-ը կմասնավորեցվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու նախագծին: Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, «Հայփոստ»-ի մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը:
Նրա խոսքերով՝ ընկերության մասնավորեցումը ենթադրում է ներդրումների իրականացում, որի արդյունքում կապահովվի «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆիզիկական ենթակառուցվածքների արդիականացումը, կիրականացվի մինչև 250 փոստային բաժանմունքների վերանորոգում, որպեսզի ընդհանուր ամբողջովին վերանորոգված լինեն մինչև 500 փոստային բաժանմունքներ: Բացի այդ, ձեռք կբերվեն շարժական փոստային մեքենաներ, որոնցով կսպասարկվեն Հայաստանի բոլոր համայնքները՝ ներառյալ այն 250 համայնքները, որտեղ փոստային բաժանմունքներ ներկայումս չկան:
«Հայաստանում գրանցված բոլոր 750 հազար հասցեներում կտեղադրվեն փոստարկղեր, ընկերությունում կներդրվեն ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներ, կարդիականացվեն և կբազմազանեցվեն փոստային ծառայությունները, կխթանվի միջազգային էլեկտրոնային առևտուրը»,-ասաց Ա.Սահակյանը:
Ակնկալվում է նաև, որ կընդլայնվեն «Հայփոստ»-ի արտատարածքային բաժանմունքների ցանցը Սփյուռքի ընտրված կենտրոններում՝ լոգիստիկայի խթանման միջոցով բարելավելով էլեկտրոնային առևտուրը և այլն:
Կառավարության հիմնավորման մեջ էլ գրված է. ««Հայփոստ» ՓԲԸ -ն կվերածվի ազգաբնակչության համար կայուն, վստահելի փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. նորարարական, արդյունավետ և շահութաբեր ընկերության, որը հնարավորություն կունենա Հայաստանի ազգաբնակչությանը մատուցել փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ` ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այն կդառնա հաճախորդին ուղղված ֆունկցիոնալ, օպերատիվ և կոմերցիոն ընկերություն՝ նորարական ապրանքների և ծառայությունների խթանման միջոցով (զարգացնելով եռաչափ (3D ) ցանցը), աշխարհի ֆիլատելիստական քարտեզում հայկական նամականիշերը պատշաճորեն ներկայացնող աչքի ընկնող կազմակերպություն»:
Նշենք, որ ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության:
«Հայփոստ»-ն առավել մրցակից, թափանցիկ, արդյունավետ և հաշվետու դարձնելու նպատակով 2006թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի /Հավատարմագրային կառավարիչ/ միջև կնքվել էր պայմանագիր, որով ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքը հանձնվել էր կառավարման Հավատարմագրային կառավարչին` 5 տարի ժամկետով: 2012թ.-ի հուլիսի 10-ին կողմերի միջև կնքվել էր նոր համաձայնագիր, որով պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները