Ստորագրահավաք. Ապամոնտաժե'ք Կարապի լճի մեջ տեղադրված գովազդային սյունը
Ապամոնտաժել Կարապի լճի մեջ տեղադրված գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը: Քաղաքապետարանին ուղղված այս պահանջով քաղաքացիները ստորագրահավաք են սկսել: Ստորագրահավաքին միացել են մի քանի հարյուր քաղաքացիներ:
«Վերջերս Երևանի գեղեցիկ վայրերից մեկում` Կարապի լճում, տեղադրվել է վայրին անհամապատասխան գովազդային վահանակ` հսկայական լուսամփոփի տեսքով: Դրա փոխարեն անհրաժեշտ էր բարեկարգել լճի մերձակայքը և ոչ թե խաթարել տարածքի ճարտարապետական ոճը: Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք հեռացնել այս տգեղ գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը»,-ասված է քաղաքապետարանին ուղղված պահանջ-նամակում:
Պահանջի ներքո ստորագրած քաղաքացիները կարծիքներ են թողել. «Ահավոր տգեղ ու աններդաշնակ է նայվում։ Ի դեպ, «Մոսկվա» կինոթատրոնի մեծ շախմատի վրա կախած գովազդային «լամպը»՝ նույնպես»:
«Կարապի Լիճը պետք է պահպանի իր բնական միջավայրը և գեղեցկությունը: Քաղաքապետարան՝ զերծ մնացեք տգեղ հավելումներից մեր քաղաքի ամենահայտնի և գեղեցիկ վայրերում»: