Կենդանաբանական այգու բացումը՝ հունիսի 1-ին ժամը 14:00-ին
«Երևանյան ամառ 2015»-ը կմեկնարկի հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Ըստ ժամանակացույցի՝ օրվա միջոցառումներն սկսվելու են Մանկական երկաթուղում (ժամը 10։00-14։00-ը Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում), Հաղթանակ» զբոսայգում (ժամը 10։00-13։00-ն մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում)։ Ազատության հրապարակում ժամը 11։00-15։00-ն կավճանկարչություն, մարզական տոնահանդես, սպորտային մրցումներ են լինելու, տոնական մանկական համերգ, խաղեր։ Հունիսի մեկի միջոցառումները «Հաղթանակ» զբոսայգում տևելու են ողջ օրը՝ մինչ 22։00-ի մեծ հրավառությունը։
Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հայտնել է, որ «Երևանյան ամառ 2015» ծրագրում ընդգրկված են ավանդական դարձած ու նոր շուրջ 60 միջոցառումներ՝ փառատոններ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև պետական, հոգևոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա են։
Հունիսի 1-ի ամենամեծ իրադարձությունը, թերևս, հիմնանորոգված ու արդիականացված Կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն է՝ հունիսի մեկին, ժամը 14։00-ին։
«Երևանի կենդանաբանական այգին կներկայանա լիովին նորովի: Շատ ջանք ու նվիրում պահանջող այս գործի առաջին փուլը հաղթահարված է. երկրորդ փուլը կսկսվի աշնանից»,- նշել է քաղաքապետի տեղակալը, ապա հավելել, որ Կենդանաբանական այգու նախամուտքը այգու հիմնանորոգումից հետո գործելու է որպես հանրային այգի, հետևաբար մուտքն անվճար է, իսկ Կենդանաբանական այգու տոմսերի համար մշակվել է գնային ճկուն համակարգ՝ ըստ օրերի։
Հունիսի մեկին մի շարք այլ միջոցառումներ էլ են անցկացվելու՝ կեսօրից մինչ 15։00-ն Հյուսիսային պողոտայում կերպարվեստի բաց դաս է լինելու մանուկների համար, 16։00-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում լուսանկարչական անհատական ցուցահանդես է բացվելու, 20։00-22։00-ն Կարապի լճում մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն է:
«Երևանյան ամառ 2015»-ին բազմաթիվ միջոցառումներն են նախատեսված վարչական շրջաններում, հատկապես մեծ զբոսայգիներում։ Ծրագրի մարզական միջոցառումները նախատեսված է անցկացնել հունիս և հուլիս ամիսներին։ Վոլեյբոլի, բասկետբոլի, շախմատի, ֆուտբոլի բակային առաջնությունները կամփոփվեն օգոստոսի 3-ին։ «Երևանյան ամառ» ծրագրի ավանդական միջացառումներից են դարձել «Գարեջրի» և «Ձմերուկի» փառատոնները: Վարդավառը ևս ծրագրում ներառված է և տոնվելու է Երևանի տարբեր ջրավազանների մոտ ու բակերում։
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, «Երևանյան ամառ 2015» ծրագրի նորույթներից են «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը՝ «Համով-հոտով Երևան» խորագրով, «Ուրֆա. Վերածնված արժեքներ» ազգային տարազների ցուցադրությունը, «Հայտնիները հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը, «Երևանյան շեփորներ» երաժշտական բացօթյա փառատոնը, «Երևան Տարազ FEST» փառատոնը։
«Երևանյան ամառ 2015»-ի օգոստոսին մեծ նորույթ է սպասվում. հյուրախաղերով Երևան է ժամանելու Սանկտ Պետերբուրգի «Շապիտո Իմպերիալ» կրկեսը։
«Թանգարանային Երևան»-ը հունիսի 1-ից օգոստոսի 31-ն է։ Յուրաքանչյուր շաբաթ օր մուտքն անվճար է լինելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններ՝ Երևան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, Կարեն Դեմիրճյանի թանգարան, «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ։
Այս տարի ևս «Երևանյան ամառ»-ը ունի առողջապահական բաղադրիչ։ Օգոստոսը մեկնարկելու է «Ավելի առողջ Երևան» 15-օրյա ակցիայով, որի ընթացքում կիրականացվեն սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված հետազոտություններ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների ներգրավվածությամբ։
«Երևանյան ամառ 2015»-ն ամփոփվելու է օգոստոսի 31-ին Կարապի լճի հարակից տարածքում՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով եզրափակիչ համերգով։