Սուրբ Հռիփսիմե վանք է տարվել սուրբ Հռիփսիմեի մասունքն ամփոփող Աջը (լուսանկարները)
Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնել է Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների խաչվառազարդ թափորով բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, հավատավոր ժողովրդի խոնարհումի և օրհնության համար Սուրբ Հռիփսիմե վանք է տարվել սուրբ Հռիփսիմեի մասունքն ամփոփող Աջը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ս. Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորել են վանքի հոգևոր սպասավորները` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:
Տոնի առիթով վանքում մատուցվել է Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Հռիփսիմեի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:
Անդրադառնալով տոնի խորհրդին` Հայր Սուրբն իր քարոզում մասնավորապես նշել է. «Սուրբ Հռիփսիմյանք իրենց ողջ կյանքը նվիրեցին Տիրոջ սիրուն և հավատքին, քանի որ ունեին այն բարձր գիտակցությունը, որ Տիրոջ ամենամեծ պարգևը` հոգին, անմահ է, և կյանքի այս երկրավոր, մարմնավոր ու փոքրիկ շրջանը չի կարելի փոխարինել հավերժության և անմահի հետ: Ո՛չ Դիոկղենտիանոս և Տրդատ արքաների հալածանքները, ո՛չ նրանց պալատների հմայքն ու շքեղությունը չկարողացան սասանել, գայթակղել նրանց, ետ կանգնեցնել դեպի Աստված տանող ճանապարհից: Դժվարություններն ու փորձություններն առավել զորացնում էին կույսերին` հավատքն ու սիրով կրելու այն լուծը, որ իրենց համար տվել էր Աստված»:
Հայր Մատթեոսը ընդգծել է նաև, որ Ս. Հռիփսիմյանց նահատակության խորհուրդը մշտապես այժմեական է, և բոլոր ժամանակներում նրանց օրինակը պիտի ոգեշնչի, զորացնի սերն ու հավատքն առ Աստված:
«Այսօր աշխարհում նյութական արժեքները մեծ տեղ են զբաղեցնում, իսկ մարդկային արժանիքներն ու առաքինությունները ետին պլան են մղվում: Ամենամեծ խնդիրը, որ այսօր քրիստոնյան իր առջև պիտի ունենա, ինչպես Ավետարանում Քրիստոս Ինքն է ասում, Տիրոջ կամքը կատարելն է»,- նշել է Հայր Սուրբը:
Ս. Պատարագի ավարտին կատարվել է Սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:
Տոնական արարողություններին մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ, տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ:
Տոնի առիթով տեղի է ունեցել նաև Ս. Հռիփսիմե վանքին հարակից փողոցի ցուցանակի բացումը. Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ օրեր առաջ այս փողոցն վերանվանվել էր Ս. Հռիփսիմեի անունով:
Արարողությանը ներկա Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ, իր խոսքում կարևորել է համայն հայության հոգևոր մայրաքաղաքում սրբի անունով փողոցի բացումը: Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանը: