Գազալցակայանների անվտանգության հետ կապված խիստ նորմեր են գործելու ԵՏՄ-ի շրջանակներում. փոխնախարար
ՀՀ Ազգային ժողովում այսօր ընթացող 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին հարցրեց, թե գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների համար, որի հետևանքով մարդիկ են զոհվում, ո՞վ է պատասխանատու:
«Վերջին 10 օրում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի արդյունքում 2 հոգի մահացան, ուզում եմ Ձեր դիրքորոշումն իմանալ` ինչի՞ արդյունքում է դա եղել, և ի՞նչ հետևություններ եք անելու»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Էկոնոմիկայի նախարարությունն է մշակում գազալցակայանների քաղաքականությունը, որն էլ կանոնակարգվում է ՏԿԱԻՆ և Էկոնոմիկայի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում:
Էմիլ Տարասյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունն այս հարցում ոչ թե վարում է քաղաքականություն, այլ համակարգում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը, իսկ վերահսկողությունը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն է իրականացնում:
Նրա խոսքերով՝ ԱԳԼՃԿ-ների կանոնակարգման հստակ մեխանիզմ կա, որոնք գործում են Կառավարության ընդունած համապատասխան որոշումներով:
«Միանշանակ նշել, թե ինչն է միջադեպի պատճառը, չեմ կարող ասել, բայց այդ ոլորտում շատ խնդիրներ ունենք, պետք է նայել բոլոր բաց ու թույլ մասերը»,-ասաց Է.Տարասյանը:
Ըստ նրա՝ ԱԳԼՃԿ-ների մասով շատ խիստ նորմեր են գործելու ԵՏՄ շրջանակներում. «ԵՏՄ նորմերը բավական խիստ են: Մեր կողմից խստացված անվտանգության նորմեր կստեղծվեն, և պատշաճ անվտանգություն իրականացնելու դեպքում մենք զերծ կմնանք նման դեպքերից: 2016 թվականի հունվարի 1-ից հետո դրա ազդեցությունն ակնհայտ կլինի»: