Երբ Երևանը քաղաքի քաղաքացի չունի` «քանդեք, քանդեք…» (լուսանկարներ)
Երևանի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանի հարակից գոտին) բարեկարգման մականվան տակ հերթական քանդման աշխատանքներ են ընթանում: Հիմա հերթը հասել է ճարտարապետ Արմեն Զարյանի նախագծով արված շատրվաններին:
«Այդտեղ եղել է որոշակի մոդեռնիստական լուծումներով այգի: Մի հասարակություն, որը մարսեց հասկանալի բաների փչանելը՝ Փակ շուկան, Մարկ Գրիգորյանի նախագած դպրոցը, Սևան հյուրանոցը, ապա խոսել ինչ-որ մոդեռնիստական ճարտարապետությունը պաշտպանելու մասին, լրիվ անիմաստ է: Չեմ վախենա ասել՝ քաղաքի հասարակություն մենք չունենք, որպեսզի նման թեմաների մասին ընդհանրապես խոսենք: Մենք քաղաքի քաղաքացի չունենք, դրա համար անիմաստ խոսակցություն է, չեմ կարող որևէ մեկին, չեմ էլ պատրաստվում ասել, թե ինչու էր պետք պահել շատրվանը, քանի որ անիմաստ է: Ցանկացած դեպքում դա իրենցը չէ, որ վերցնեն ու քանդեն: Դա մի քիչ էլ իմն է: Ես թույլտվություն ոչ մեկին չեմ տվել: Թե ինչ էր պետք անել՝ երկրորդ հարցն է: Ո՞վ են իրենք, որ որոշեմ իմ տեղը իմ գույքի հետ ոնց վարվել»,- Panorama.am-ին ասաց ճարտարապետ Արսեն Կարապետյանը:
Վերջում խիստ ապսպրեց. «Եթե ասածս կոշտ գրելու եք, գրեք, եթե չէ՝ չէ»:
Գլխավոր պողոտայի համայնապատկերը, 1980թ., (Լուսանկարը՝ ՃԱԹԻ-ի պահոցից )
Դերասան Աշոտ Ադամյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշում եմ,
երբ Ճարտարապետ Արմեն Զարյանի նախագծով Երեւանի ԲՐՈԴՎԵՅը /այս Նկարում պատկերված շինությունը նվիրվում էր արվեստների միասնությունը/ կառուցվում էր, մի օր, վարպետին տեսա այս շինության բազրիքին նստած... ծխում էր...
Մոտեցա, նստեցի կողքին...
Տխուր էր...
Մի քիչ լռեցինք...
Հարցրի,
-Էս ի՞նչ են անում, պարոն Զարյան...
Զարյանը հոգոցով պատասխանեց,
-Շինում են, Աշոտ ջան...
Իսկապես, վարպետի շատ հետաքրքիր նախագիծը ՇԻՆԵՑԻՆ թողին...
Դե, հիմարին ի՞նչ կա՝ յոթն անգամ չափելու տեղը, յոթն անգամ կտրում է:
Քանդե՜ք, քանդե՜ք... սարքելն ու կառուցելը ձեզ մոտ չի ստացվում...»:
Նախորդող հրապարակում՝
Գլխավոր պողոտայի այգում դեռ քանդման աշխատանքներ են իրականացվում (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան