Պետք չէ զարմանալ, որ ԿԳ նախարարը միասնական քննությունների մեկնարկին այստեղ չէր. Ա. Աշոտյան
«Արձակուրդը շատ ձևական և խորհրդանշական բնույթ էր կրում: Կարճ էր, ընդամենը երեք օր: Արձակուրդ էր զուտ այն պատճառով, որ մեկնում էի ԵԺԿ քաղաքական հերթական նիստի մասնակցելու որպես ՀՀԿ փոխնախագահ, որպես կուսակցական»,-լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով այցելել էր ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ ընթանում է ֆիզիկայի միասնական քննությունը:
Նշենք, որ Հայաստանում միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ին: Հրապարակ թերթը գրել էր. «Երեկ մեկնարկած միասնական քննություններն անցան առանց Արմեն Աշոտյանի, որը ներկա չէր քննասենյակներում, դպրոցականների հետ սելֆիներ չէր անում, ինչն էլ շատերի մոտ ամրապնդեց տեսակետը, որ Աշոտյանն իսկապես պորտֆելը «հանձնում» է, թե չէ ո՞վ է քննությունների թեժ պահին արձակուրդ վերցնում»:
«Պետք չէ զարմանալ, որ կրթության և գիտության նախարարը միասնական քննությունների մեկնարկին այստեղ չէր: Հակառակը, պետք է ընդունել որպես լավ նշան առ այն, որ ընդունելության գործընթացը կարգավորվել է այն աստիճանի, որ մեկնարկին կրթության լիազոր մարմնի ղեկավարը կարող է այստեղ չլինել»,- նշեց նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով, շատ քիչ եվրոպական երկրներ կան, որտեղ նախարարն այցելում է քննական կենտրոններ:
«Ես եկել եմ դիմորդներին քաջալերելու, ծնողների հետ խոսելու, լրագրողների հետ շփվելու: Ես ուրիշ առաքելություն չունեմ»,- ասաց նախարարը:
Ա. Աշոտյանը նաև ավելացրեց, որ չի անհանգստանում քննությունների կազմակերպչական խնդիրներից, քանզի հիմնական աշխատանքը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից արվել է, և այս քննություններն ընդամենը գործընթացի վերջին մասն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները