
Մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի. վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների և ևս մեկ անգամ լսել նրանց խնդիրները: Քննարկվել են գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարմանը և «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարության ղեկավարը նշել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարել է ձևավորել հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի հաշվարկման ու ճշգրտման հարցերով, և մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի:
Հանդիպմանն արծարծվել են նաև «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորություններին առնչվող հարցեր: Ի պատասխան այս հարցի կապակցությամբ նաիրիտցիների ներկայացրած առաջարկությունների՝ վարչապետը նշել է. «Կառավարությունը շահագրգռված է, որ «Նաիրիտ» գործարանն աշխատի: Մենք պատրաստ ենք քննարկել «Նաիրիտ»-ի վերագործարկման յուրաքանչյուր ողջամիտ, հիմնավոր ու իրատեսական առաջարկ և հնարավորության դեպքում աջակցել դրա կյանքի կոչմանը»:
Նախորդող հրապարակում՝
Նաիրիտցիներն իրենց ամբողջ աշխատավարձը կստանան մինչև հուլիս. Հանդիպում՝ վարչապետի և նախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին