ԱԺ-ն սկսել է քննարկել Հայաստանի 3 խնդրահարույց պոչամբարներին վերաբերող օրինագիծը
Ազգային ժողովը սկսել է քննարկել Հայաստանի երեք խնդրահարույց պոչամբարներում` Ողջիում, Փխրուտում և Արծվանիկում կուտակված ու կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանում ներկայացնող Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ամենախոշորը պոչամբարը Արծվանիկն է` 310 խմ, Ողջին կոնսերվացված պոչամբար է, որտեղ կուտակված թափոնները 30 մլն խմ են, իսկ Փխրուտը համեմատաբար փոքր է` 3.2 մլն խմ: Վերջին երկուսը 100 տոկոսով լցված են և գոյացել են Զանգեզուրի պղնձամոլիբդեանյին գործարանի գործունեության հետևանքով:
Օրինագիծը, որի մասին ավելի վաղ Panorama.am-ը գրել է, կոչվում է այսպես` «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին»:
Օրենքով, պոչամբարների վերամշակումն իրականացնելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարը զանգեզուրցի Վարդան Շահնազարյանն է: Ծրագրին ֆինանսական աջակցություն տրամադրում է մետալուրգիայով և էներգետիկայով զբաղվող միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը: Պոչամբարների վերամշակման արդյունքում ընկերությունը խոստանում է պոչամբարների ռիսկայնությունը կնվազի, մասսայականորեն կոմպոզիտային թելերից կարտադրվեն գյուղատնտեսության համար հակակարկտային ցանցեր և մոտ 400-450 հա գյուղատնտեսական հողատարածքներ կդրվեն ոռոգման տակ: Եվ ամենակարևորը` նրանք խոստանում են Սյունիքի մարզում շուրջ 1500 աշխատատեղ բացել:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց` արդյոք հայտնի՞ է, թե ինչ տեխնոլոգիաներ են ներդրվելու և ինչ «Know-how» է կիրառվելու նրանց գործունեության ընթացքում, Արեգ Գալստյանը, սակայն, պատասխանեց, որ դեռևս հայտնի չէ: «Օրենքի ընդունումից հետո նրանք կառավարությանը կներկայացնեն Մաստեր պլանը, որը շատ հարցերի պատասխանը կտա», շարունակեց Գալստյանը:
Փոստանջյանը եզրակացրեց, թե փաստորեն այս կազմակերպությունը չունի փորձ նման աշխատանքներ վարելու և հարցրեց` ճի՞շտ է նրանց խոշոր պոչամբար տրամադրել: Ի պատասխան, Գալստյանն ասաց, որ միանշանակ տեղեկություն այդ մասին չունի և հավելեց, որ կնշանակվեն փորձաքննություններ ու դրանք կլինեն հրապարակային և բոլորն այդ մասին տեղյակ կլինեն:
Պատասխանելով պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, փոխնախարարն ասաց, որ եթե ամեն ինչ պատշաճ կազմակերպվի, իսկ փորձաքննություններն իրականացվեն ըստ օրենքի, բնապահպանական ռիսկերը կնվազեն ու ծրագիրն արդյունավետ կլինի:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց, թե արդյոք պոչամբարի շահագործման արդյունքում պոչամբարներ առաջանալո՞ւ են, փոխնախարարը պատասխանեց, որ ենթադրվում է, որ թափոններ կլինեն, բայց քիչ քանակությամբ:
Նախորդող հրապարակում`
1500 նոր աշխատատեղ. Սյունիքի մարզում 3 պոչամբար կազատվի թափոններից, կկառուցվեն գործարաններ