Մեզ չեն վստահում. Խոստովանում է Ռոբերտ Նազարյանը (Տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խոստովանում է, որ հասկացված չի եղել իր ղեկավարած հանձնաժողովը, ավելին հասարակությունը վստահություն չունի իրենց նկատմամբ:
«Ցավոք սրտի, պետք է խոստովանեմ, որ իմ ցանկությունը չի կատարվել. հանրությունը չի վստահում, հավատում մեզ: Մենք միասին լավ չենք աշխատում»,- հանձնաժողովի նիստում, մինչև սակագնի բարձրացման մասին որոշման քվեարկությունը, հայտարարեց Ռոբերտ Նազարյանը:
Նա «վաղվանից միասին աշխատելու» կոչ արեց:
«Ամենամեծ առաքելությունը, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում, մեզ համար պետք է լինի էներգետիկ համակարգի հուսալիությունը: Եթե դա չենք ապահովում, ապա մենք մեր տեղում չենք», -հավելեց նա:
Այս հայտարարությունից հետո Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին Հանձնաժողովի որոշման նախագծին:
Որոշման համաձայն, օգոստոսի 1-ից կգործեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները.
110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
Ցերեկային սակագին 37,28 դրամ
Գիշերային սակագին` 33,28 դրամ
35կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
Ցերեկային սակագին 39,78 դրամ
Գիշերային սակագին` 35,78 դրամ
6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար
Ցերեկային սակագին 45,78 դրամ
Գիշերային սակագին 35,78 դրամ
0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների համար (այդ թվում` բնակչության համար)
Ցերեկային սակագին 48,78 դրամ
Գիշերային սակագին 38,78 դրամ
Նշված արժեքում ներառվում է նաև ավելացված արժեքի հարկը:
Նոր սակագնի հաստատման մասին որոշումը բուռն ընդունվեց թե հանձնաժողովի նիստերի դահլիճում, թե ՀԾԿՀ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ցուցարարների շրջանում. Բոլորը միաձայն գոռում էին` «ա-մոթ, ա-մոթ, ա-մոթ»:
Թեմային առնչվող`
Հայաստանում օգոստոսի 1-ից կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը (Լուսանկարներ)