Երկրի վիճակը վատ է, բայց պետական գույքը վաճառելով դարման չենք անի վերքերին. Գագիկ Ջհանգիրյան
Ազգային ժողովում այսօր ընթացող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը իր մտահոգությունը հայտնեց պետական սեփականություն հանդիսացող գույքը մշտապես վաճառքի հանելու երևույթի դեմ:
Նա իր ելույթում նախ շնորհավորեց ԱԺ բոլոր խմբակցություններին, որոնց հաջողվեց սեփականաշնորհման գործընթացը վերադարձնել սահմանադրական դաշտ:
«Դա դժվարությամբ եղավ, բայց եղավ»,- ասաց նա՝ հավելելով, որ արդյունքում՝ Կառավարությունը հիմա նախագծեր է ներկայացնում ԱԺ և փորձում է պետական գույքը վաճառելուց առաջ նախ ստանա ԱԺ-ի համաձայնությունը, հետո նոր միայն այն վաճառի:
«Ինչո՞ւ էինք մենք պնդում այս ընթացակարգի վրա, քանի որ այսպես կարողանում ենք մեր մտահոգություններն արտահայտել, և ոչ թե առաջնային մանդատ ունեցող մարմինը՝ ԱԺ-ն մնար մի կողմ, իսկ նրա կողմից ձևավորված գործադիր իշխանությունը նրա թիկունքում վաճառեր պետական սեփականությունը»,- ասաց Գ.Ջհանգիրյանը:
Սակայն պատգամավորին հիմա մեկ հարց է մտահոգում. «Կարծես թե մենք անկախացումից ի վեր ամեն ինչ վաճառում ենք՝ էլեկտրացանցը, կապը, գազի ցանցը, ՀԷԿ-երը, երկաթուղին: Չեմ կարողանում մտաբերել որևէ մեծ սեփականութուն, որ մենք պահել ենք, որ մնացել է պետական: Բա որ, Աստված չանի, մենք պատերազմական ռեալ գործողությունների մեջ հայտնվենք, ու մեզ փող պետք լինի, մենք ի՞նչ պետական սեփականություն ունենք, որ գրավ դնենք, փող վերցնենք, կարողանանք էդ պատերազմը վարել: Լավ, էս վաճառելով ո՞ւր ենք գնում»,- նշեց պատգամավորը:
Գ.Ջհանգիրյանի խոսքերով՝ հասկանալի է, որ տնտեսական վիճակը վատ է՝ մի կողմից` վաճառում են, մի կողմից՝ արտաքին պարտքն են մեծացնում, գներն են բարձրացնում: «Հայփոստ»-ի վաճառքը, ըստ նրա, նույնպես կբերի փոստային ծառայությունների սակագների բարձրացման:
«Խեղճ թոշակառուից երկու անգամ ավելի կգանձեն, նոր թոշակ կտան»,- նկատեց նա:
Պատգամավորը նշեց, որ այս ճանապարհով մենք տեղ չենք հասնելու: «Իրականում, երևի, ազգային փրկության ծրագիր կամ ճգնաժամի հաղթահարման ծրագիր է մեզ պետք: Կառավարությունը այսպես վաճառելով ոչ մի հարց չի լուծի: Հետո, գիտեք ինչ՝ վաճառված փողի արժեքը չի երևում: Ոնց ջուրը բերում, էնպես էլ տանում է: Օրինակ՝ «Որոտանի» վաճառքից առաջացած փողի մի մասով «Նաիրիտի» պարտքերը պետք է տան: Էդ փողը վերջանալու է, հետո տակն ի՞նչ է մնալու: Երկրի վիճակը, պարզ է, վատ է, բայց պետական գույքը վաճառելով դարման չենք անի վերքերին: Ես չգիտեմ, թե է՛լ ինչ է մնացել վաճառելու, բայց հարկավոր է կանգնել»,- ասաց Գ.Ջհանգիրյանը:
Նախորդող հրապարակում՝
Եկեք Սևանն էլ մասնավորեցնենք, դուրս գանք դեպի Խաղաղ օվկիանոս. Նաիրա Զոհրաբյանը` Արման Սահակյանին
«Հայփոստ»-ը կմասնավորեցվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները