Թաթուլ Մանասերյանն առաջարկում է ազգայնացնել բաշխիչ էլեկտրական ցանցերը
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը քաղաքացիներին հուզող թիվ մեկ հարցն է դարձել: Էլեկտրաէներգիայի 6.93 դրամով թանկացումը, ինչպես որ որոշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կսրի առկա սոցիալական լարվածությունը և կառաջացնի դժգոհությունների ալիք` բերելով ավելորդ գնաճի:
Ազգային ժողովում օրեր առաջ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումների ժամանակ, որոշ պատգամավորներ կոչ արեցին «Հայաստանի էլկետրական ցանցեր» ընկերությանը զրկել մենաշնորհից: Այս կարծիքին են նաև շատ քաղաքացիներ:
Ինչպե՞ս կարելի է ՀԷՑ-ին զրկել մենաշնորհից, արդյոք դա հնարավո՞ր է, եթե հաշվի առնենք «Արմենտել» ընկերությանը օրինակը, որին 2007թ-ի զրկեցին մենաշնորհային բոլոր իրավունքներից:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ նման բան հնարավոր չէ և չպետք է համեմատություններ անել «Արմենտել»-ի հետ:
«Կապի ոլորտն ունի մրցակցային դաշտ, տարբեր օպերատորներ մրցակցում են ի շահ սպառողի՝ փորձելով ավելի մրցունակ գին, ավելի որակյալ ծառայություն մատուցել»,- ասաց Թ.Մանասերյանը:
Տնտեսագետի խոսքով, էներգետիկայի, ավիացիայի, երկաթուղու ոլորտները բնական մենաշնորհներ են և չեն կարող մի քանի օպերատոր ունենալ:
Թ.Մանասերյանն այս իրավիճակի լուծման համար պարզ ու գործուն առաջարկ ունի: Լուծումը հետևյալն է. պետությունը պետք է ազգայնացնի բաշխիչ էլեկտրացանցերը: Տնտեսագետն առաջարկում է ստեղծել բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը կբախշվեն բնակչությանը:
«Այսինքն` մենք ինքներս կդառնանք բաժնետերեր, ինքներս էլ կիրականացնենք վերահսկողություն, կմասնակցենք գործերի կառավարմանը, որոշումների կայացմանը: Այս դեպքում վերհսկողությունը ավելի խիստ կլինի և ավելի սրտացավ վերաբերմունք կլինի սակագնի, շահույթի ձևավորման հարցում, քան մասնավոր ընկերությունների դեպքում է»,- ասաց Թ.Մանասերյանը:
Բացի այդ, տնտեսագետը գտնում է, որ կարելի է բաշխիչ էլեկտրացանցերը լիազորագրային կառավարման հանձնել: «Այն ընկերությունը, որը կկառավարի բաշխիչ էլեկտրացանցերը, շահույթ չպետք է ունենա, պարզապես պետք է ստանա բարձր աշխատավարձ՝ արդյունավետ կառավարման պայմանով»,- նշեց նա:
Շարունակելի...