Դուք օրուգիշեր քնում, արթնանում եք, մտածում եք, քամե՞ք էս ժողովրդին. Ուրիխանյանը` փոխնախարարին (տեսանյութ)
Կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է բարձրացնել ծխախոտի, օղու և դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը, ինչից կբարձրանան դրանց գները, վրդովվեցրել էր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, և նա ԱԺ ամբիոնին մոտենալիս նկատեց, որ հազիվ է փորձում զսպել իրեն, որ զգացմունքային ելույթ չունենա:
«Ես ուզում եմ հասկանալ, պարոն Միրումյան, ի՞նչ եք ուզում անել էս ժողովրդի հետ: Պարոն Միրումյան դուք կարդացե՞լ եք Թոմաս Մայն Ռիդի «Օվկիանոսում կորուսյալները» վեպը, դուք կարո՞ղ է մոլորության մեջ եք: Հոսանքի գինը թանկացավ, հորով-մորով արեցիք, հիմա գազի գին, բենզինի գին, ծխախոտ, օղի: Դուք օր ու գիշեր քնում, արթնանում եք, մտածում եք ինչից են մարդիկ օգտվում ճարահատված, որ էլի թանկացնե՞ք, էլի գին բարձրացնե՞ք, քամե՞ք էս ժողովրդին», -նայելով դահլիճում նստած Միրումյանին, հայտարարեց Ուրիխանյանը:
Պատգամավորի խոսքով, մարդիկ «կոպեկներ» են ստանում որպես աշխատավարձ, որն էլ ամսվա վերջին ավարտվում է, «չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել»: Նա պահանջեց հետ տանել այս նախագիծը. «Վերացրեք էս նախագիծը, հետ տարեք, չի կարելի էդպիսի բան անել»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին օրինագիծը, որով նախատեսվում են ակցիզային հարկի նոր դրույքաչափեր ակցիզավորման ենթակա որոշ ապրանքատեսակների համար: Այդպիսի ապրանքատեսակներ են մասնավորապես, օղին և ծխախոտը, ինչպես նաև բենզինը, դեզելային վառելիքը: Օրինագծի անհրաժեշտությունը բխել է Եվրասիական տնտեսական միությանը` Հայաստանի անդամակցելուց: Նախագիծը նախատեսվում է գործողության մեջ դնել 2016 թվականի հունվարի 1-ից:
Նշենք, որ օրինագծի վերաբերյալ դժգոհություն էր հայտնել նաև Հանրապետական խմբակցությունը` համարելով, որ նոր թանկացումների առաջ կկանգնեցվի ժողովուրդը:
Նախորդող հրապարակում`
Ասում եք, որ ազդեցություն չի ունենա, բա մարդիկ ինչո՞ւ են սարսափած. Էդմոն Մարուքյան
Հայաստանում բենզինը, օղին և ծխախոտը կթանկանան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան