Նախագահը ներկա է գտնվել «Վիքիմեդիա Հայաստան» գրասենյակի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արշակունյաց 2 հասցեում (Մամուլի տուն) «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակի բացմանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հիմնադրված «Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը:
Գրասենյակի կոնֆերանս-սրահում Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանում վիքի նախագծերի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմանը, որին մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը, հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը, «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդը, հիմնադրամի գրանտների բաժնի և միջազգային հյուսիսային համագործակցության ղեկավար Ասաֆ Բարտովը, «Վիքիպեդիա» կրթական ծրագրի ղեկավար Աննա Կովալը, «Եվրոպեանա ԳԼԱՄ» վիքի ծրագրի համակարգող Ուիլիամ Վիատը, «Ինտելեկտուալ Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանը և ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը:
«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գրասենյակի բացման արարողության շրջանակներում մասնակիցները դիտել են նաև «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքները ներկայացնող տեսանյութ:
Հանրապետության նախագահը «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակից հետո այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ, որին ս.թ. հունիսի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 60 մլն դրամ՝ Երևանում տեղակայված երկրային արբանյակային կայանի վերազինման համար:
Սերժ Սարգսյանը շրջայցի ժամանակ ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին, վերազինման ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին, զրուցել՝ մասնաճյուղի աշխատակիցների հետ:
Նախագահին ներկայացվել են «Միր» հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղի կողմից պատրաստվող արտադրանքը, դրա ծավալները, ստեղծագործական թիմի կողմից պատրաստվող հաղորդումները, որոնք Հայաստանը ներկայացնում են շուրջ 162 մլն դիտող ունեցող «Միր»-ի լսարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները