Մտավորականները՝ բողոքի ակցիաների մասին
«Սա միայն էլեկտրաէներգիայի հարցը չէ: Ինչ անարդարություն էլ լիներ, ժողովուրդը ոտքի կկանգներ: Ինձ անհանգստացնում է մի փաստ, որ ժողովուրդը մենակ էր, նրանց կողքին չկար ոչ մտավորականություն, ոչ էլ քաղաքական գործիչներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասանուհի Լալա Մնացականյանը՝ խոսելով էլեկտրաէնեգիայի սակագնի թանկացման դեմ տեղի ունեցող ակցիաների մասին:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով, ընդզվումն արդարացի է, պետք է բռնել մեղավորներին, պատժել, ստիպել, որ իրենց գրպաններից փակեն այդ պարտքերը:
Ըստ Լ. Մնացականյանի, սակագնի թանկացումը ոչ թե վատ կառավարման հետևանք է, այլ միտումնավոր կառավարման:
Ինչ վերաբերում է լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ոստիկանության գործողություններին՝ ակցիայի մասնակիցներին ջրցան մեքենաներով ցրում, ուժի կիրառում, Ռ. Բաբայանն ասաց, որ ոստիկանությունը պարբերաբար հայտարարում էր, որ անօրինական է, կդիմեն անհրաժեշտ միջոցների, ինչն էլ արեցին այնպես, ինչպես սովորաբար արվում է Հայաստանում: Նրա խոսքով, սա կհանգեցնի նրան, որ այժմ սկսեն միայն զբաղվել բերման ենթարկվածներին ազատման խնդրով ու կմոռանան հիմնական խնդիրը, մինչդեռ եթե ամեն ինչ ծրագրված լիներ, կարող էր բողոքի մասնակիցների թիվն ավելանար ու արդյունքը լիներ դրական:
«Յուրաքանչյուր հաղթանակի հասնելու համար պետք է մշակել դրա ճանապարհը, միայն ցանկությունը քիչ է: Պետք է հստակ ծրագիր: Փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական նախաձեռնությունը եթե մտածված քայլերով է առաջ գնում, հասնում է հաջողության, իսկ զուտ բարոյախոսական ճառերը, մեղադրանքներն ուղղված իշխանություններին, անարդյունք են: Պետք է դուրս գալ այդ վիճակից»,- նշեց Ռ. Բաբայանը:
Ըստ նրա, լավ է, որ այսօր երիտասարդները կրկին ուզում են հավաքվել Ազատության հրապարակում. «Լավ է, եթե առիթ դառնա մշակելու հետագա քայլերի ծրագիր: Իսկ եթե բերի նրան, որ կրկին սկսեն ոստիկաններին մեղադրեն՝ հայ չեն, թուրք են, կրկին անհաջողության կմատնվեն»:
Լալա Մնացականյանն էլ ասաց. «Անեծքների դաշտ մտանք, կտուժենք: Մտավորականներին երիտասարդները լսում են, պետք է նրանք կանգնեն ժողովրդի կողքին»:
Ըստ բանախոսների, պետք է հարցի լուծմանը հասել օրինական ճանապարհով՝ դիմել դատարան. «Մեր խնդիրն է՝ բացել դատական գործ, պարզել, ովքեր են մեղավորներն ու պատժել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին