Բիբինը մեր փողերով Մոսկվա է գործուղվել
Մինչ Երևանում բազմաթիվ մարդիկ բողոքում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման դեմ, պարզվում է ՀԷՑ գլխավոր տնօրենը Մոսկվա է մեկնել: Ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը Panorama.am-ին հայտնեց, որ Բիբինը Ռուսաստանի մայրաքաղաք գործուղման է մեկնել, մասնակցում է տնօրենների խորհրդի նիստին:
Հետաքրքրվեցինք, թե ինչ հարցեր են նիստի ընթացքում քննարկվելու, հնարավո՞ր է Հայաստանում մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինն էլ քննարկման առարկա դառնա, Սարաջյանն ասաց. «Չէ, չէ: Ընթացիկ հարցեր են, պլանային: Չեմ կարող ասել հստակ ինչ հարցեր են, բայց կապված չէ սակագնի հետ»:
Նիստին Բիբինի մասնակցությունը` Երևանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում արդարացվա՞ծ եք համարում. «Գոյություն ունի աշխատանքային ռեժիմ, աշխատանք: Տնօրենների խորհրդի նիստն էլ, չեմ կարծում, էնքան աննշան երևույթ է, որին կարելի էր չմասնակցել»:
Ընկերության մամուլի քարտուղարն ասաց, որ Բիբինը Երևանից մեկնել է երեկ, իսկ թե երբ կվերադառնա, անհայտ է. «Այնտեղ մի շարք հանդիպումներ ունի, չեմ կարող ասել, երբ կվերադառնա»:
Թե ինչքա՞ն գումար է ծախսվել այս գործուղման համար, ՀԷՑ-ից չեն հստակեցնում. «Ես չգիտեմ, այդ տեղեկատվությունը որքանով է ենթակա հրապարակման, ավելի ուշ զանգահարեք»:
Կարծում ենք, որ գործուղումը չի կարող լինել անհայտ ժամանակով: Իսկ ՀԷՑ-ի պաշտոնյաների ծախսած գումարների չափը անկասկած հրապարակման ու վերահսկման ենթակա է, քանի որ ինչպես ցույց է տվել ժամանակը, դրա «պտուղները քաղում» են սովորական քաղաքացիները: