Գինոսյանն` իրեն բերման ենթարկելու մասին
«Ես միտինգային և հեղափոխական տեսակ չեմ, բայց այսպիսի քաղաքացիական ընդվզումներին միշտ ներկա եմ լինում, որպես հայ սրտացավ մարդ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նա նշեց, որ երթին ու նստացույցին չէր կարող չմասնակցել, թեկուզ բարոյապես պետք է այնտեղ լիներ, քանի որ իր սաներից շատերն այնտեղ են. «Ես այնտեղ էի այդ ժամանակ առաջին հերթին որպես ծնող՝ նրանց թիկունք լինելու համար»:
Գինոսյանի խոսքերով, ընդվզումը շատ տեղին է, նման սանձարձակ վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցույց տալու իրավունք չունեն: Ներկայացնելով իրեն բերման ենթարկելու մանրամասները՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարը պատմեց, որ փորձել է մոտենալ և հասկանալ, ինչու են բերման ենթարկում իրեն ծանոթ աղջիկներից մեկին:
«Բոլորը կարմիր բերետավորներ էին, ուսադիրներ չունեին, միայն նրանցից մեկի գլխին գլխարկ չկար, որն էլ ասաց «կանդալեք դրան», հետո ինձ ձեռնաշղթաներ հագցրեցին: Նրանք իմ ոչ մի հարցին չպատասխանեցին և տարան ոստիկանական բաժին»,-պատմեց Գինոսյանը:
Նա հայտնեց, որ իրեն 7ժամ պահել են ոստիկանությունում. «Ընդհանուր իմ անազատությունը եղել է 11 ժամ, որից հետո ոստիկանություն եկան Էդմոն Մարուքյանն ու Անահիտ Բախշյանը և պահանջեցին ազատ արձակել, քանի որ ապօրինի են պահում այնտեղ»:
Դրանից հետո իրենց տարել են նարկոդիսպաներ՝ զգոնության աստիճանը որոշելու համար. «Մեզ այնտեղ շատ լավ վերաբերմունք ցույց տվեցին, անգամ ուտելիք ու միրգ հյուրասիրեցին»:
Նա նաև նշեց, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն տեսնելով ոստիկանությունում ասել է, որ եթե ոստիկանները ճանաչեին իրեն, բերման չէին ենթարկի: Դրան ի պատասխան Գինոսյանն ասել է, որ ով էլ լիներ իր փոխարեն չպիտի ձերբակալեին, քանի որ որևէ օրենք չի խախտել:
Ամփոփելով խոսքը՝ Գինոսյանն ասաց, որ պետք է պայքարը շարունակել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին