Թատերագետ. Մեր երիտասարդներն այսօր բարձրացնում են Հայաստանի ապագայի խնդիրը
«Առաջին անգամ ժողովուրդը փողոց է դուրս եկել լուծելու ոչ թե քաղաքական խնդիր, առաջադրելու քաղաքական օրակարգ, այլ սոցիալական: Առաջին անգամ ոտքի է կանգնել ոչ թե սոցիալական տարբեր խմբերի համախումբը, այլ ինտելեկտուալ երիտասարդները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատերագետ Լևոն Մութաֆյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման դեմ պայքարող քաղաքացիների կողմից օրեր շարունակ տեղի ունեցող բողոքի հավաքի մասին:
Ըստ նրա, այդ երիտասարդները այսօր բարձրացնում են Հայաստանի ապագայի խնդիրը. «Հետևաբար, այս շարժումն անկախ իր հանգուցալուծումներից, կարևորագույն երևույթ է, մարտահրավեր բոլոր նրանց, ովքեր ապրում են կրավորականության, հարմարվողականության մեջ: Այսօրվա երիտասարդությունը նաև սերնդափոխության մարտահրավեր է նետում: Ես այսօր սովորելու բան ունեմ այդ երիտասարդներից»:
Լ. Մութաֆյանի խոսքով, եթե սոցիալական խնդիրը չի ստանում իր լուծումը, տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ քաղաքական ընդվզում է բերում: Նրա կարծիքով, իշխանությունները կգնան որոշակի զիջումների:
«Համոզված եմ՝ այսօր կամ վաղը կլինեն որոշակի կոմպրոմիսներ, քանի որ միջազգային կառույցներն արդեն քննադատում են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը»:
Լ. Մութաֆյանի կարծիքով, երկրի ղեկավարի ու երիտասարդական շարժման միջև հանդիպում կկայանա, քանի որ վակուում է առաջացել, դատարկություն, որը պետք է լցվի:
«Կառավարության կողմից կհնչեն խոստումներ, կմշակվի ռազմավարություն: Չգիտեմ, որքան ձեռնտու կլինի բոլորիս: Ցանկությունս այն է, որ իշխանությունները գնան վճռականության և կասեցնեն էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է հունիսի 22-ից սկսված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի հավաքը: Քաղաքացիների միակ պահանջն է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Տիգրան Մանսուրյան. Հարցը նախ պետք է քննարկվեր
Որտե՞ղ է այսօր մտավորականությունը
Գինոսյանն` իրեն բերման ենթարկելու մասին
Վարդան Պետրոսյանը միացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին
Սերգեյ Դանիելյան. Մի մուծեք, թող տրաքի այդ կազմակերպությունը
Մտավորականները՝ բողոքի ակցիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին