Ոստիկանապետ. Այլ մոլորակներից հատուկ տեխնիկա, տիեզերական ուժեր չեն տեղափոխվել Հայաստան
«Ես վերադասավորում եմ իմ ուժերը: Արտասահմանից, զինված ուժերից, այլ մոլորակներից հատուկ տեխնիկա, զինվորական տիեզերական ուժեր չի տեխափոխվել Հայաստանի տարածք: Մի անհանգստացեք, ոչ մեկին չենք պատրաստվում գրոհել, շրջափակել, դա արվում է միայն նրա համար, որ եթե Երևանի որևէ այլ փողոց փակվի, խիստ, կոնկրետ տեղային օպերացիա ենք մշակելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ ժամը 15:00-ի, 16:00-ի սահմաններում օպերայի հարակից հրապարակում լինելու է ջրցան մեքենա, հատուկ տեխնիկա:
Նա միաժամանակ ասաց, որ պետք չէ վախենալ. «Մեր երկրի ոստիկաններն են: Մեզանից պետք է վախենան հանցագործները, օրինախախտները»:
Ըստ նրա, Հայաստանի ոստիկանական ուժերի վերաբաշխման արդյունքում ուժեղացվում է հսկողությունը, որպեսզի արկածախնդրություններ չլինեն:
«Բաղրամյան պողոտան ժողովրդի սոցիալական պայքարի կետն է դարձել, հանդուրժում ենք՝ ելնելով տրամաբանությունից: Սակայն ցանկացած այլ խախտման, այլ փողոցների փակման դեպքում օրինախախտները պատժվելու են, քանի որ Երևանը բոլորինն է, իսկ պարալիզացնել Երևանը, ստեղծել ոչ ստաբիլ վիճակ, նշանակում է, որ ստեղծվում է անպատժելիության իրավիճակ: Չեմ հանդուրժելու, որ ոստիկանն այս երկրում հանդուրժի անպատժելիության մթնոլորտը»,- ասաց Վ. Գասպարյանը՝ հավելելով, որ այլ փողոցներում կատարվողը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կատարվողի հետ կապ չի ունենալու:
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է հունիսի 22-ից սկսված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի հավաքը: Քաղաքացիների պահանջն է՝ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից կայացրած հոսանքի սակագնի թանկացման որոշումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում