«Երևան ջուր»-ը սակագնի վերաբերյալ միտքը փոխել է
«Երևան ջուր» ընկերությունը որոշել է անփոփոխ թողնել ջրի սակագինը և համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
«Երևան ջուր» ընկերությունը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղարկված նոր գրության մեջ մասնավորապես նշում է.
«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը և ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունից, «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը և այն թողնել անփոփոխ»:
Նշենք, որ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ հուլիսի 7-ին տեղի կունենա նիստ, որի ընթացքում կքննարկվի այս հարցը և կվերահաստատի ջրի նախկին սակագինը:
Հիշեցնենք, որ 2014թ-ի հուլիսի 9-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել էր անփոփոխ թողնել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):