Բենզինի գինը բարձրացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ
Համաձայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից խոշոր ընկերությունների բենզալցակայաններում կատարված դիտանցումների, վերջին օրերին բենզալցակայաններում արձանագրվել է բենզինի գնի բարձրացում՝ 10 դրամի չափով: Այս մասին Panorama.am-ի թղթակցին ասաց ՏՄՊՊՀ նախագհի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:
«Ներկայումս Հանձնաժողովը շարունակում է հետևել այս շուկայում տեղի ունեցող զարգացումներին և գների բարձրացման միտումները շարունակվելու դեպքում Հաձնաժողովը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու նպատակով»,- ասաց Գ.Սահակյանը:
Նրա խոսքերով՝ հաշվի առնելով լրատվամիջոցներում բենզինի գների փոփոխությունների վերաբերյալ պարբերաբար բարձրացվող մտահոգությունները, Հանձնաժողովը 2014 թվականից սկսած մի քանի ուսումնասիրություններ է իրականացրել բենզինի գնագոյացման ոլորտում: Վերջին ուսումնասիրություններն ընդգրկել են բենզին ներմուծող ընկերությունների՝ 2014 թվականի ամբողջ տարվա գործունեությունը, ինչպես նաև 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսների գործունեությունը: Այս ժամանակահատվածում դիտարկվել են բենզինի ինչպես գնային բարձրացումներ, այնպես էլ՝ նվազումներ:
Հանձնաժողովի կողմից կատարված գնագոյացման մի շարք հաշվարկները ցույց են տալիս, որ բենզինի շուկայում գործող երկու խոշոր ընկերությունների (Ֆլեշ ՍՊԸ և Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն ՍՊԸ) վարքագիծը հիմնականում համապատասխանում է ծախսային հոդվածների փոփոխություններին՝ ինչպես գների բարձրացման, այնպես էլ նվազման դեպքում: Հարկ է նշել, որ բենզինի գների փոփոխությունները հիմնականում պայմանավորված են ձեռքբերման գների և արտարժույթի փոխարժեքի փոփոխություններով: