Մի՛ կնքեք պայմանագրեր, որոնք թերի են. Բագրատյանը` 200 մլն տրամադրող ռուսական համաձայնագրի մասին
Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանական համակարգի համար ձեռք բերվող 200 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագրով ոչ ոք ոչ ոքի լավություն չի անում` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Հայաստանն էլ` Ռուսաստանի: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` համաձայնագիրը որակելով «սխալ, թերի, անգրագետ»:
«Ունեցեք արժանապատվություն, երբ ռուսական կառավարության ներկայացուցիչների հետ շփվում եք: Մի կնքեք պայմանագրեր, որոնք թերի են, սխալ են և ինչ-որ տեղ անգրագետ են», -հայտարարեց Բագրատյանը` հիշեցնելով ժամանակին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կնքած պայմանագիրը` դրա համար մեղադրելով իշխող Հանրապետական կուսակցությանը:
«Ես գտնում եմ, որ այս համագործակցությունը մեզ պետք է, և Ռուսաստանին է պետք՝ բալանս ստեղծելու ուղղությամբ: Բայց ես ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ է արագորեն բարձրանում այս վարկի տուգանքը: Ասում եք՝ մասնագետներն են քննարկել, պարոն Սահակյան, կարո՞ղ եք մի օր այդ մասնագետը գա, տեսնենք` ով է այդ մասնագետը: Հոդված չորրորդի երրորդ ենթակետն ասում է, որ եթե Հայաստանը փողը չի տալիս, Ռուսաստանը դարձնում է համախմբված պարտք և հայտարարում անմիջապես մարման ենթակա:
Ես այսպես եմ հասկանում՝ Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանը դեֆոլտ ունի: Ինչո՞ւ է այսպիսի նախադասություն հայտնվել, ուրիշ բան, եթե ասեք՝ գիտեք, մենք դեմ էինք, բայց Ռուսաստանը պնդեց: Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ էր բացատրում ռուսական կողմին և ինչո՞ւ է ռուսական կողմը պայմանագրում այսպիսի կետ մտցրել, որը որևէ քննադատության չի դիմանում: Վերջապես, եթե ռազմավարական գործընկեր է, հարգելի հանրապետականներ, սովորեք արժանապատիվ ձևով նրանց հետ շփվել: Չեք կարողանում, ուրեմն չեք կարողանում», - համաձայնագրի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց Բագրատյանը:
Նշենք, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`
օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90 տոկոսի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով:
Նույն համաձայնագրով, 2018 թ. փետրվարի 15 -ից՝ 10 տարվա ընթացքում, հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին, մարել վարկի փաստացի օգտագործված գումարը: Վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթվից մինչև հիմնական պարտքի մարման վերջնական ամսաթիվը՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին կատարել տոկոսների վճարում `տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:
Նախորդող հրապարակում`
Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին